Մեր սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան փրկութեան ի խնդիր…

Ու այսպէս.-

Փաստ 1.

Երէկ հայատեաց ու հայաստանատեաց Ալիեւը յայտարարելով այն մասին, որ Զանգեզուրը ադրբեջանական պատմական հող է, ուստի այդտեղից էլ անցնելու է հաղորդակցական ուղին՝ կապելով միմեանց Ադրբեջանը, Նախիջեւանն ու Թուրքիան (աւելի քան հարիւրամեայ երազի՝ պանթուրանիզմի միջանցքը):

Փաստ 2.

Երէկ նոյնպէս Թուրքիայի նախագահը վերյիշեց Հայաստանում «գեներալների ռազմական յեղաշրջման անթոյլատրելիութեան» մասին, միաժամանակ ընդգծելով «ժողովրդի կողմից ձեւաւորւած իշխանութիւնների կայունութեան անհրաժեշտութեան հանգամանքը՝ ժողովրդավարական հիմունքներով», միաժամանակ յորդորելով հայերին՝ դասեր առնել Ղարաբաղեան պատերազմից… (պատկերացրէք, այս խօսքերի հեղինակը այն նախագահն է, որի երկրի բանտերում ներկայումս 100.000-աւոր բռնադատւած քաղբանտարկեալներ կան,  2016-ին իրենց կողմից իսկ բեմադրւած ռազմական յեղաշրջման արդիւնքում):

 

Փաստ 3.

 

Ս. թ. մարտի 3-ին Գորիսի փոխքաղաքապետ Եօլեանը յայտարարեց, որ նոյն օրից սկսեալ ադրբեջանցիք Որոտանից մինչեւ Շուռնուխ յատուկ ինժեներական աշխատանքներ են սկսել յարակից գիւղամէջերում խրամատներ փորելով (շատ փորձագէտների կարծիքով՝ պատերազմական իրավիճակը, յատկապէս Սիւնիքի հայաթափման նպատակով, իրատեսական է, եթէ Հայաստանի իշխանութիւնները շարունակեն ընթացող կրաւորական-անտարբեր կեցւածքը):

Փաստ 4.

Երէկ Հայաստանի իշխանութեան խորհրդարանի պատմագաւոր, ԱԺ Պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը Եռաբլուրում «ի յարգանս» սպարապետ Վազգէն Սարգսեանի ծննդեան օրւայ յիշատակի, լրագրողներին ասաց, որ եթէ մենք մեզ հանգիստ ու խելօք չպահենք, «վստահեցնում եմ, որ նոյնիսկ Երեւանի գոյութիւնն է վտանգւելու…», իսկ թէ ո՞ւմ կողմից, պարզ է՝ թուրք-ադրբեջանական դաշինքի, որոնց հետ ի դէպ՝ նոյն Ա. Քոչարեանը առեւտրա-տնտեսական ու դիւանագիտական յարաբերութիւնների ջատագովն էր՝ ընդամէնը օրեր անց նոյ. 9-ի խայտառակ անձնատւութիւնից յետոյ…:

* * *

Շատ պարզ հաշւարկով ու լոկ վերոգրեալ 4 փաստերի միջեւ տրամաբանական առնչութիւնը դիտարկելով՝ ակնբախ է դառնում, թէ առհասարակ ինչո՞ւ 2018-ին ՀՀ-ում պատահեց «թաւշեայ յեղափոխութիւն» ու դրանից բխող 2.5-ամեայ ողջ ձախորդ իրադարձութիւնները, որոնց շարունակւելու դէպքում  էլ իրականութիւն է դառնալու հայութեան սրբութեան սրբոց՝ Հայրենիք-Պետականութեան կործանումը…:

 «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ  ՄԵԼԻՔԵԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս