Թուրքական և ադրբեջանական թիրախները մնում են նույնը՝ մեր ազգային արժեքները, բանակը. Ռուբեն Մելքոնյան
Այսօր Պաշտպանության նախարարության առջև անցկացվող հավաքի ընթացքում արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ մեր թշնամի պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի թիրախում շարունակում են մնալ մեր արժեքները:
«Մեր եկեղեցին, մեր լեզուն, մեր պատմությունը, և, իհարկե, մեր բանակը: Տեսնում ենք, որ այս օրերին Թուրքիայից մեր ազգային արժեքների թիրախավորումն ավելի ինտենսիվ ու բացահայտ կերպով շարունակվում է: ԳՇ-ի և սպայակազմի հայտարարությունն ամենաբուռն քննադատել են մեր թշնամի, ցեղասպան երկրի նախագահ Էրդողանը, Արտաքին գործերի նախարարը, տարատեսակ պաշտոնյաներ, անգամ ամենածայրահեղական հակահայ, ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման պարագլուխը քննադատում, թիրախավորում է մեր բանակը, ԳՇ-ն: Շարունակվում է թուրքական հարձակումը մեր պետականության, մեր ազգային արժեքների հանդեպ, և սա ոչ միայն հայտարարություն է ընդդեմ ԳՇ-ի, սա հայտարարություն է ընդդեմ հայկական պետականության, արժեքների: Որպես թուրքագետ՝ ուզում եմ նշել, որ այն ձևակերպումները, որոնք կան այդ հայտարարության մեջ և, ցավոք սրտի, այստեղ Հայաստանում էլ դրա արձագանքները լինում են, տերմիններ, հեղաշրջում և այլն, ոչ մի կապ չունեն օբյեկտիվ իրականության հետ, որովհետև Թուրքիան, որը մի քանի անգամ ռազմական հեղաշրջման է բախվել, բնականաբար, ունի բարդույթներ՝ այդ տերմինի հետ կապված: Բայց սա ոչ թե իշխանության ձգտող զինվորականներ են, որոնք կային Թուրքիայում, այլ սա պետականության կորստի առջև իրենց ձայնը բարձրացրած նվիրյալներ են, այս պետության ստեղծող զինվորականներն են, որոնք բարձրաձայնում են այս պետականության կորստի, կորստի հնարավորության մասին»,- ասաց Մելքոնյանը:
Նա պնդեց, որ մոլորյալներ են նրանք, ովքեր կարծում են, թե ԶՈւ ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր, և կոչ արեց բոլորին լինել մեր հաղթանակած, փառապանծ բանակի կողքին, որը միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին:
Հիշեցնենք՝ այսօր ՊՆ-ի առջև էին հավաքվել պահեստազորի սպաներ, ազատամարտիկներ, պարզապես քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Զինված ուժերին, Գլխավոր շտաբին և անձամբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Փետրվարի 25-ին ԶՈւ ԳՇ-ն հայտարարություն էր տարածել, որով պահանջում են Կառավարության հրաժարականը, քանի որ «Նիկոլ Փաշինյանը և իր իշխանության ներկայացուցիչներն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», և ավելին, «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»: Այս հայտարարությունը Փաշինյանը ռազմական հեղաշրջման փորձ որակեց և ձեռնամուխ եղավ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գործին: