«Հետաքրքիր է` էլ ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որպեսզի իր կողմնակիցները դադարեն աջակցել իրեն. գուցե, թուրքական անձնագի՞ր ստանա». ռուս փորձագետ
«Սվաբոդնայա պրեսա»-ն «Հյուսիս-Արևմուտք» քաղաքական նորությունների գործակալության խմբագիր Անդրեյ Դմիտրիևի հետ զրուցել է Արցախյան վերջին պատերազմի հետևանքների, Հայաստանում դրան հաջորդած ներքաղաքական իրադարձությունների, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության և հարակից թեմաների մասին։
Անդրեյ Դմիտրիևի խոսքով, Հայաստանում իրադարձությունների զարգացումը բավականին զարմանալի է թվում:
«Անգամ մի կողմ թողնելով Նիկոլ Փաշինյանին ուղղված տարբեր մեղադրանքները (օրինակ՝ Արևմուտքի հետ գործակցությունը և այլն), ակնհայտ է, որ նա խայտառակ ձևով պարտվել է պատերազմում և պետք է հեռանա: Կողքից դիտելիս սա ակնհայտ է, բայց հայ հասարակության զգալի հատվածի համար այնքան էլ ոչ` հաշվի առնելով հանրահավաքներին մասնակցողների թիվը։ Հետաքրքիր է, էլ ի՞նչ պետք է անի նա, որպեսզի իր կողմնակիցները դադարեն աջակցել իրեն: Գուցե, թուրքական անձնագի՞ր ստանա»,- նշել է նա։
Անդրադառնալով Գլխավոր շտաբի` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ հայտարարությանը` փորձագետը նշել է՝ իրականում ԳՇ-ի պահվածքն ապշեցնող է։
«Գեներալները հայտարարել են, որ Փաշինյանը պետք է հեռանա: Հետագայում, ըստ տրամաբանության, դրան պետք է հաջորդեր նրա ձերբակալումը և ռազմական դրության սահմանումը: Բայց նման բան տեղի չի ունենում: Եվ սա հիշեցնում է Արտակարգ դրության պետական կոմիտեն (դրա կազմում էր նաև տարեց մարշալ Դմիտրի Յազովը), որը սակայն վախեցավ հրաման տալ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին ձերբակալելու մասին։
Բայց ինքը՝ Ելցինը, չերկմտեց ո՛չ 1991-ին, երբ նա ձերբակալեց մարշալ Յազովին և թիմակիցներին, ո՛չ էլ 1993-ին, երբ նա տանկերից կրակեց խորհրդարան շենքի վրա: Եվ, ցավոք մեր երկրի համար, նա մնացել է որպես հաղթող: Հայաստանում նույնպես, ցավոք, Փաշինյանը դեռ «հաղթող» է թվում: Ինչպես երևում է, պարտված պատերազմից հետո հայերը ստանում են նաև ձախողված հեղափոխություն»,- հստակեցրել է Դմիտրիևը։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում լուծում գտնելու թեմային, ապա, գործակալության խմբագրի խոսքով՝ հայերին այժմ Մարշալ Բաղրամյանի նման ղեկավար է անհրաժեշտ։
«Նա հերոս և գաղափարապես իմաստուն մարդ էր։ Փետրվարյան հեղափոխությունից և Հայաստանի անկախությունից հետո նա դաշնակցական էր, որը քաջարի պայքար է մղել թուրքերի դեմ, ապա անցել Կարմիր բանակի կողմը և հաստատել Խորհրդային իշխանությունն Անդրկովկասում», – ամփոփել է նա ու հավելել՝ «սեփական «թուրքերին» իշխանությունից դուրս շպրտելը և Ռուսաստանի հետ սերտ ինտեգրման պայմաններում նոր Հայաստանի կառուցման մեկնարկը Երևանի համար այսօրվա ամենաարդիական օրակարգն է»։