Ի՞նչ է ասել Փաշինյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականի պահանջի մասին Ծառուկյանին և Մարուքյանին. ԲՀԿ-ից հերքում են հանդիպման փաստը

Երեկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արտահերթ ընտրությունների գնալու հարցով հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ:

«Կարող եմ ասել, որ որոշակի իմաստով բանակցություններ վարել ենք, և ըստ էության վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ: Բայց մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև Գլխավոր շտաբի խնդիրը»,- Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի հետ հանդիպումից հետո սպասվում էր նաև հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Այդ առնչությամբ այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ասել էր. «Այդ որոշումը պետք է ձևավորվի բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում, իհարկե, ի հայտ եկած նոր իրողությունների, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և, ըստ այդմ, քաղաքական դիրքորոշում: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում մեր անձնական դիրքորոշումը՝ հարցի հետ կապված, ներկայացնելուց, մինչև այն պահը, երբ քաղաքական խորհուրդը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կքննարկի հարցը և իր դիրքորոշման մասին կհայտարարի»:

Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ երեկ այդ հանդիպումը կայացել է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է վերջինիս կեցավայրում: Մեր տեղեկություններով՝ թե Էդմոն Մարուքյանը, և թե Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի առաջ դրել են Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից հրաժարվելու խնդիրը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե այդ հարցը լուծված է, Օնիկ Գասպարյանը մինչև մարտի 9-ը, այսինքն՝ հրապարակված ժամկետի ավարտը, աշխատանքից ազատվելու է: Դիմադրություն, ըստ Նիկոլ Փաշինյանի, չի լինելու:

Ավելին, նաև ասել է, թե Օնիկ Գասպարյանը լուռ հեռանալու է, ինքը Գլխավոր շտաբի նոր պետ է նշանակելու, անձամբ է նրան ներկայացնելու, և ԳՇ-ն էլ հանգիստ ընդունելու է այդ իրողությունը:

Ըստ մեր աղբյուրների՝ ԱԺ երկու նշված խմբակցությունների ղեկավարներն էլ համաձայնել են բանակցությունները շարունակել և համաձայնության գալ Օնիկ Գասպարյանի խնդրի լուծումից հետո:

Այդ իրողության պայմաններում նույնիսկ արտահերթ ընտրությունների օրեր են նշվել՝ կամ ապրիլի 25, կամ մայիսի 2:
Լուրը ճշտելու նպատակով մենք կապ հաստատեցինք նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ, ով կտրականապես հերքեց Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման մասին խոսակցությունները:

«Չկա նման բան, բացառված է: Գագիկ Ծառուկյանը չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ ոչ երեկ, ոչ այսօր»,-ասաց Արման Աբովյանը:

Տեսանյութեր

Լրահոս