«Որևէ մեկնաբանություն չեմ տալիս». Տիրան Խաչատրյան
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի 24.02.2021թ թիվ ՆՀ 25-Ա հրամանագիրը՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Հայցը մուտքագրվել է դատարան երեկ՝ մարտի 3-ին։
168.am-ը զանգահարեց Տիրան Խաչատրյանին՝ ճշտելու, թե ինչ ակնկալիքներ ունի, դատարանի միջոցով կվերականգնվի՞ պաշտոնում։
«Ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,- հարցը լսելուց հետո ասաց Տիրան Խաչատրյանը և հեռախոսն անջատեց։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով Տիրան Խաչատրյանն ազատվել էր Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք նաև, որ «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել էր Տիրան Խաչատրյանին։ Ըստ հրապարակման՝ նա երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք, սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։ Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։
Նշենք, որ դեռևս հոկտեմբերին Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահի կողմից Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար պարգևատրվել էր Հայրենիքի շքանշանով:
Իսկ հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման:
«Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելուց հետո, Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։