Բաժիններ՝

Նարեկ Հախնազարյանը երևանյան համերգը կնվիրի թավջութակահար Մեդեա Աբրահամյանի hիշատակին

Միջազգային մեծ ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես է գալիս համաշխարհային համբավ ունեցող նվագախմբերի հետ, բայց երբեք չի մոռանում հայրենիքում ելույթների մասին:

Մարտի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հախնազարյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Շոստակովիչի Թիվ 1 թավջութակի կոնցերտը: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի թիվ 6 սիմֆոնիան:

Համերգը նվիրվում է օրերս կյանքից հեռացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի հիշատակին:

Համերգից առաջ համերգասրահի ճեմասրահում կներկայացվի «Ի՞նչու էր բարկանում Բեթհովենը» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը, որի հեղինակը աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսն է, առաջին անգամ է թարգմանվում հայերեն: Թարգմանիչը Լյուսիլ Ջանինյանն է:

Նարեկ Հախնազարյանը հանդես է եկել այնպիսի հեղինակավոր նվագախմբերի ու դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Նեմե Յարվին, Միխայիլ Պլետնյովը, Լորին Մաազելը: Թավջութակահարը Հայաստանը ներկայացնող առաջին երաժիշտն է, որը 2011-ին արժանացել է Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի ոսկե մեդալի և առաջին մրցանակի:

Այժմ Նարեկ Հախնազարյանը նվագում է Ջուզեպե Գվարներիի կողմից 18-րդ դարասկիզբին ստեղծված թավջութակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031