Չեմ հավատում, թե տաջիկ օդաչուներն են առևանգել Բոինգ օդանավը. օդաչուն` առանց ավիաընկերության կողմից տրված պլանի թռիչքուղի չի ընտրում, իսկ պլանը տրվում է 2-3 օր առաջ. Ճաղարյանը՝ ՔԱԿ-ի պարզաբանման մասին
Ուղիղ 10 օր առաջ` փետրվարի 22-ի գիշերը, ես գրառում կատարեցի հայկական գրանցում ունեցող, EK-FAA գրանցման նիշերով, հայկական «Ֆլայ Արմենիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականում գտնվող Բոինգ 737-300 օդանավի՝ առեղծվածային կերպով Թեհրանում հայտնվելու մասին, և կատարեցի 3 հարցադրում. ի՞նչ էր սա`առևանգու՞մ, խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը:
«Ընդ որում՝ ես օդանավի հնարավոր առևանգման մասին տեղեկությունն ստացել եմ գրառմանս նախորդող` կիրակի օրը երեկոյան: Եվ ինձնից պահանջվեց ընդամենը 30-35 րոպե և´օդանավը, և´ նրա գրանցման համարը, և´շահագործող ավիաընկերությունը, և´կատարած երթուղին իր մանրամասներով հայտնաբերելու համար:
Չեմ մանրամասնի՝ ինչպես:
Իմ գրառումից հետո, հաջորդ օրը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հայտարարություն տարածեց, որ «…առևանգման մասին տեղեկություն չենք ստացել (ուշադրություն) համապատասխան մարմիններից…»
Ովքե՞ր են էդ համապատասխան մարմինները, եթե ոչ դուք:
Այսօր նույն ՔԱԿ-ը նոր հայտարարություն է տարածել, որը ես կամաչեմ որակավորել:
Հիմա հերթով`
1. ՔԱԿ բացատրությունից ստացվում է, որ տաջիկ օդաչուներն են առևանգել օդանավը:
Չեմ հավատում: Օդաչուն`առանց ավիաընկերության կողմից նախօրոք տրված պլանի թռիչքուղի չի ընտրում: Նախնական պլանը տրվում է, տարանցիկ երկրների օդային տարածքի օգտագործման և վայրէջքի օդանավակայանի թույլտվությունները հարցվում են 2-3 օր առաջ (ըստ երկրների պահանջի): Այնպես, որ Տալլին-Վառնա թռիչքը նախապատրաստվել է այն կատարելուց ամենաքիչը 2 օր առաջ:
Իսկ օդաչուներն իրենց աշխատանքը սկսում են թռիչքից ընդամենը 1-1,5 ժամ առաջ: Տալիս են արդեն նախօրոք հայցված և ստացված թույլտվությունների հիմքով կատարվող թռիչքի կատարման պլանը:
Դուք դեռ չգիտե՞ք՝ ով է տվել պլանը և ինչ երթուղով:
Ընդգծում:
Օդաչուների թռիչքային վկայականները վավերացվել են ՀՀ ՔԱԿ-ի կողմից «…համաձայն օրենքի…»
Նույնը վերաբերվում է Վառնա-Թեհրան թռիչքին:Եվ հատկապես այդ հատվածին:
Թռիչքը կատարվել է`
ա) Թուրքիայի տարածքով,
բ) համաձայն ՔԱԿ տեղեկության` «…ուղղություն է վերցրել դեպի էմիրաթական Շարժա…»
Հարց 1.
Տաջիկ օդաչուները Վառնայում գիշերել են փետրվարի 19-ին: Ե՞րբ են շահագործող ընկերությունն ու հպարտ «ավիացիոն իշխանություններն» իմացել դրա մասին: Իմ գրառումից հետո՞:
Հարց 2.
Քանի՞ օր է պետք Թուրքիայի վրայով թռչելու թույլտվությունը ստանալու համար: Միայն չասեք, որ տաջիկ առևանգող-օդաչուները եկել են օդանավակայան, խզբզել flight plan-ը, ու առանց սպասելու թռել, մտել Թուրքիայի տարածք, և անարգել հատել երկիրն ամբողջ երկարությամբ
Հարց 3.
Ո՞նց են «ուղղություն վերցրել դեպի էմիրաթական Շարժա…»: Առանց IOSA աուդիտի առկայության (միջազգային ամենահեղինակավոր աուդիտներից մեկն է) Էմիրությունների օդային տարածքը փակ է հայկական գրանցմամբ օդանավերի համար:
«Ֆլայ Արմենիան» ունի՞ այդպիսի աուդիտ: Կամ գոնե հատուկ թույլտվություն տեխնիկական վայրէջքի համար: Եթե այո` ցույց տվեք: Եթե ոչ` ցույց տվեք նրա կեղծ օրինակը, որը ներկայացվել է Վառնայի օդանավակայանում` թռիչքի թույլտվության համար»,- գրել է Ճաղարյանը և հավելել, որ ՔԱԿ-ի պարզաբանման մեջ եղած մյուս դրվագներին կանդրադառնա հետագայում: