Բաժիններ՝

Հոկտեմբերի 10-ին նոր ապաստարաններից կարողացել ենք դուրս գալ, 9-ամյա աղջիկս վախից կակազում է․ արցախցի

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Արմինե Ստեփանյանը ևս, շատերի նման, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով լքել է իր տունն ու հիմա 5 անչափահաս երեխաների հետ բնակվում է Արագածոտնի մարզում։

«Բնակվում ենք Աղձք գյուղում։ Եկել ենք հոկտեմբերի 10-ին՝ երեխաներիս հազիվ փրկելով։ Նոր սեփական տուն պետք է ստանայինք՝ 5-րդ երեխայիս ծնունդից հետո, սակայն պատերազմը սկսվեց։ Հիմա այստեղ՝ գյուղում ենք ապրում՝ ամուսնուս ու երեխաներիս հետ։ Տան տերերը բարի մարդիկ են ու ոչ մի վարձ չեն ուզում, նրանց հետ ենք մնում։ Մեծ ընտանիք է, բայց մեզ՝ 7 հոգուս, ընդունել են, աջակցում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմինեն։

Նրա փոխանցմամբ՝ երեխաներից ամենափոքրը 7 ամսական է, ինքը դեռևս չի կարողանա աշխատել, սակայն ամուսինն աշխատանք փնտրում է։

Ցավոք, պատերազմն առողջական առումով ևս չի շրջանցել ընտանիքի անդամներին։

«Հոկտեմբերի 10-ին նոր ապաստարաններից կարողացել ենք դուրս գալ։ Աղջիկս 9 տարեկան է, վախից կակազում է, տարել եմ հոգեբանների, լոգոպեդների մոտ, հուսանք՝ արագ կապաքինվի»,- նշեց Արմինեն։

Նա նշեց, որ Արցախ մեկնելու մտադրություն ունեն, սպասում են, որպեսզի լուծվի բնակարանի հարցը։

Ընտանիքին մանկական տակդիրով, արհեստական սնունդով, հագուստով օգնելու համար գործում է տվյալ հաշվեհամարը, որը Գրիգորյան Արմիկի անունով է․ Արարատբանկ 5220651010193459։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս