«Սահմանադրությունն ու օրենքներն ինձ տալիս են քաղաքացիական ու մասնագիտական հայացքներ ունենալու իրավունք»

Իրավաբան Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ես մասնագիտական կարծիք գրեցի ԳՇ պետի ազատման սահմանադրականության վերաբերյալ: Այսօր ընկերներիցս ոմանք ինձ փոխանցեցին, որ կարծիք է շրջանառվում, ըստ որի` որպես Զինծառայողների ապահովագրության տնօրեն իրավունք չունեմ նման կարծիքներ գրելու: Ուրեմն այսպես.

1. Առաջին հերթին ես անկախ իրավաբան եմ, չեմ զբաղեցնում պետական որևէ պաշտոն, ու առաջին պարտականությունս է ղեկավարել Հայաստանի ամենախոշոր ու հեղինակավոր իրավաբանական ընկերություններից մեկը:

2. Զինծառայողների ապահովագրության տնօրեն հանդիսանում եմ 2017 թվականից` ստեղծման օրվանից, ու այդ աշխատանքը կատարում եմ բացառապես հասարակական հիմունքներով: Հիմնադրամն ապաքաղաքական կառույց է ու դա հիմնավորվել է անցնող ավելի քան 4 տարիների ընթացքում:

3. Կապված չեմ որևէ քաղաքական ուժի հետ, չեմ զբաղվում քաղաքականությամբ, թեև եթե զբաղվեի կարծում եմ կհայտնվեի շահեկան վիճակում բազմաթիվ քաղաքական գործիչների համեմատ (ընդամենը համեմատեք իմ CV-ն ու անցած ճանանապարհն ու շատերինը):

4. Մասնագիտական հարցերում հրապարակայնորեն քննադատել եմ ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանություններին, այդ թվում երբ զբաղեցնում էի պետական բարձր պաշտոն: Որևէ մեկը, այդ թվում ղեկավարներս երբեք չեն փորձել անգամ լռեցնել ինձ:

5. Սահմանադրությունն ու օրենքներն ինձ տալիս են քաղաքացիական ու մասնագիտական հայացքներ ունենալու իրավունք, որոնք ես մերթընդմերթ իրացնում եմ ու շարունակելու եմ իրացնել:

6. Լրագրողներին ու լրատվամիջոցներին խնդրում եմ, երբ հրապարակային խոսքս տարածում եք, ապա դա արեք որպես իրավաբան Վարուժան Ավետիքյանի խոսք, այլ ոչ թե որպես ԶԱՀ-ի տնօրենի, եթե իհարկե խոսքից չի բխում, որ այն վերաբերվում է Հիմնադրամի գործունեությանը: Այդպես ավելի արդարացի է ձեր իսկ ընթերցողների նկատմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս