«Սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ»․ Վազգեն Մանուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից։ Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին և կիրառված խափանման միջոցին՝ նա ասաց․ «Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ»։

Մանուկյանը տեղեկացրեց, որ, ինչպես նախապես էր հայտնել՝ ցուցմունք չի տվել, իսկ լրագրողի հարցին, թե հատկապես իր ո՞ր խոսքերն էին առաջացրել իրավապահ մարմինների հետաքրքրությունը, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն պատասխանեց․

«Բազմաթիվ խոսքեր կային, նաև՝ «Պլան Ա»-ն, «Պլան Բ-ն»։

Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա գործ հարուցվեց, քանի որ ապստամբության մասին, մի քանի ամիս է՝ ինչ խոսում եք, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ  չգիտի։

Նշենք, որ մինչև Վազգեն Մանուկյանի՝ ՔԿ-ից դուրս գալը, Քննչական կոմիտեն արդեն հաղորդագրություն էր տարածել, որում նշված է, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը  չհեռանալու մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

 

 

Տեսանյութեր

Լրահոս