«Կարծում եմ՝ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»․ Վազգեն Մանուկյան

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, որովհետև ես ո՛չ մի հարցի չեմ պատասխանելու, ո՛չ մի ցուցմունք չեմ տալու, ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ այդ նախադասություններն ինչ են նշանակում, ես ինքս ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ»,- այսօր Քննչական կոմիտե մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը երեկ էր Քննչական կոմիտեից ստացել  ծանուցագիր, որից պարզ էր դառնում, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել՝ որպես մեղադրյալ։

Վազգեն Մանուկյանն այս քրեական գործը որակեց իսկական քաղաքական հետապնդում․

«Մեր երկրում վերջին 2.5 տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը, խախտվում են հիմնական օրենքները, ըստ որում, երկրի ղեկավարի կողմից։ Ամենավերջինը չէ, բայց, որը ինձ ճչացող է՝ պատերազմի ժամանակ ինքը, չձևակերպեմ ինչ պատճառներով, բայց պատերազմի խայտառակ պարտությունից հետո՝ արդեն ոչ ռազմական վիճակում, ինքը շարունակում է տալ Սյունիքի հողերը, դա նշանակում է ամենամեծ հանցագործությունը, որը կարող է կատարվել, և ամենամեծ խախտումը սահմանադրությամբ։ Կարծում եմ՝ իր դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»։

Հարցին՝ եթե ձեզ կալանավորեն, մյուս ուժերը պատրա՞ստ են առանց ձեզ շարունակելու պայքարը, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․

«Հազարավոր մարդիկ կան, որ կշարունակեն այդ պայքարը, որովհետև դա իմ քմահաճույքը չէ, այս պայքարն իսկապես համաժողովրդական փրկության միակ ելքն է՝ ազատվել այս վարչապետից, կառուցել նորից նոր դեմոկրատական, ազգային պետություն։ Դա մեր ժողովրդի ցանկությունն է, և ժողովուրդն իր ցանկությունը կկատարի՝ անկախ նրանից՝ ես կալանավորվա՞ծ եմ, թե՞ ոչ»։

Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն իր ելույթի ժամանակ ասաց՝ եթե քաղաքական հայտարարությունների չափն անցնեն, ապա օրենքով կկալանավորեն, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, թե դա ոչ թե Փաշինյանի գործն է, այլ դատախազի, իրավապահ մարմինների.

«Ինքն այս պետությունը սեփականաշնորհել է։ Պետական մեքենան այնքան հզոր մեքենա է, որ եթե նույնիսկ փոքր մրջյունի նստացնես այդ մեքենայի ղեկին, մի հատ հսկայական տանկ է, ինքը տանկը կամ  այնպես կանի, որ օգտակար գործ անի, կամ այդ տանկով շենքերը քանդելով կգնա։ Ինքը շենքերը քանդելով գնում է, ինքը չի էլ իմանում՝ ինչ է նշանակում՝ իշխանություն, ինքը զարմացած է, որ ինչ ասում ես՝ կատարում են, բյուջեից փողը ոնց ուզես, կարող ես ծախսել, ինչ ուզես՝ կանես․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս