Պետբյուջեից 50 միլիոն դրամ կհատկացվի տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններին
Այսօր Կառավարության նիստի ընթացքում 49 հարցից զեկուցվեց 4-ը: Երկուսը վերաբերում էին Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներում փոփոխություններ կատարելուն: Գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցեց, որ նախագիծը վերաբերում է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերությունների վարկերի տոկոսների փոխհատուցմանը:
«Նախնական նախագծում ընտրված ընկերությունների շրջանակը բավական նեղ է եղել, և նախատեսված 250 մլն դրամ օժանդակության ծրագրից ընդամենը 36 մլն-ն է տրվել շահառուներին: Հիմա ընդլայնում ենք շրջանակը, ընդգրկելով նաև մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթ և լիզինգ դասիչի ներքո աշխատող ընկերություններին, որովհետև նրանք նույնպես տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններ են, ինչպես նաև շտկում ենք այլ փոքր պայմաններ՝ կապված գրանցման, իրենց գործունեության ծավալման ժամանակահատվածի հետ, որպեսզի ավելի գործնական օգնություն կարողանանք տրամադրել»,- ասաց Քերոբյանը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինքը ճի՞շտ է հասկանում, որ, եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենայով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, ապա հիմա նրանք ևս օգտվելու են, Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ՝ այո:
«Բյուջեի վրա ծախսը 50 մլն դրամ է, բայց այդ ոլորտի ընկերությունների համար, կարելի է ասել, օդ ու ջրի պես անհրաժեշտ միջոցառում է, որը հենց իրենք են բարձրաձայնել, կարծում եմ՝ իմաստ ունի սա անել»,- ասաց Քերոբյանը: