Եմենցի հուսիները հայտարարել են Ջիդդայում Saudi Aramco-ի օբյեկտին հարված հասցնելու մասին
Եմենցի խռովարարների «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) մարտի 4-ի առավոտյան հարված է հասցրել Ջիդդայում Saudi Aramco նաթընկերության օբյեկտին: Այդ մասին, ինչպես հաղորդել է Al Masirah հեռուստաալիքը, հայտարարել է խռովարարների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարիան:
Նրա խոսքով՝ օբյեկտին հարվածը եղել է ճշգրիտ: Սաուդյան Արաբիան առայժմ չի հավաստել այդ տեղեկատվությունը:
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիների զինված կազմավորումների միջեւ:
Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին երկիր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի ներխուժումից հետո: Ավելի քան հինգ տարի շարունակվող հակամարտությունը հանգեցրել է աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամի:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցիներ՝ երկրի բնակչության մոտավորապես 80 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 3 միլիոնը: Հուսիները սիստեմատիկաբար իրականացնում են գրոհներ, որոնց գլխավոր թիրախը մնում են Սաուդյան Արաբիան եւ նրա ենթակառուցվածքները: Փետրվարի 28-ին Սարիան հայտարարել է, որ «Անսար Ալլահի» ուժերը գործողություն են իրականացրել թագավորության «թիկունքում»՝ գործի դնելով բալիստիկ հրթիռ եւ 15 անօդաչուներ: Դաշինքում պնդել են, որ կալանել են հրթիռը եւ վեց դրոններ, հաղորդել ՏԱՍՍ-ը: