«Իմ քայլում» դեմ են կիսանախագահական համակարգին վերադառնալուն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ խորհրդարանական համակարգից կիսանախագահականին վերադառնալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին․
«Պառլամենտական համակարգը մեզ պես երկրների համար ամենաճիշտ համակարգն է, իհարկե՝ այս դժվարությունները հիմա որ անցնում ենք, կարելի է հետեւություններ անել եւ որոշ փոփոխություններ իրականացնել, բայց ես եղել եւ մնում եմ պառլամենտական համակարգի կողմնակից»։
Հարցին՝ իսկ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ցանկանում վերադառնալ նախկին համակարգին, որպեսզի կախում չունենա՞ խորհրդարանից, ինչպես այսօր է։ Պատգամավորն ասաց, թե չի կարող Փաշինյանի մտադրությունների մասին գուշակել, երբ խոսի, նոր կարծիք կհայտնի․ «Երբ մեզ մոտ կլինի քննարկում, ես, ամեն դեպքում, կպաշտպանեմ իմ տեսակետը»։
Ի դեպ, ստեղծված իրավիճակում սահմանադրական հանրաքվե անցկացնելն անգամ «Իմ քայլում» անիրատեսական են համարում, լուրջ կասկածներ ունեն, թե կկարողանան 650 հազար կողմ քվե ապահովել։
Հիշեցնենք, որ հանրաքվեի դրված հարցն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
Ընտրողների թիվը 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախօրեին 2 միլիոն 575 հազար 939 էր, այսինքն՝ 644 հազար մարդ պետք է կողմ քվեարկի, որ կառավարման համակարգը փոխվի»: