Հնարավոր է՝ ոստիկանությունը նախօրոք որոշում է կայացրել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, և հիմքեր է ստեղծում, որպեսզի այդ ուժը կիրառի. Արթուր Վանեցյան

«Մենք մնալու ենք օրենքի շրջանակներում, հանրային ճնշումը շատացնելու ենք և հասնելու ենք մեր նպատակների իրագործմանը»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա անթույլատրելի համարեց ոստիկանության կողմից ուժի սպառնալիք ցուցադրելը, քանի որ հանրահավաքում խաղաղ ցուցարարներ են:

Հավաքի մասնակիցների կողմից հնարավոր սադրանքների վերաբերյալ ոստիկանության տարածած հայտարարությանն անդրադառնալով՝ նա նշեց. «Ես հրապարակային ուզում եմ դիմել ոստիկաններին, որ նրանք իմանան՝ մենք որևէ նպատակ չունենք գնալու սադրանքների, եթե իրենք ստացել են ինչ-որ տեղեկություններ, թե այստեղ պատրաստվում են անկարգություններ, սադրանքներ, կեղծ տեղեկություններ են, նման գործելաոճ չենք որդեգրել. մենք մեր բոլոր գործողություններն անում ենք օրենքի շրջանակներում:

Իսկ երկրորդ տարբերակը, կարող է և նման բան լինել, որ ոստիկանությունը նախօրոք որոշում է կայացրել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, և հիմքեր է ստեղծում, որպեսզի այդ ուժը կիրառի, բայց խորհուրդ չեմ տա, որ նման քայլի գնան, և ուզում եմ համոզված լինել, որ մեր ոստիկանությունը որևէ պարագայում ուժ չի կիրառի իր սեփական ժողովրդի դեմ»:

Լրագրողները Արթուր Վանեցյանին տեղեկացրին՝ ԱԺ-ում իմքայլականներն ագրեսիվ էին տրամադրված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի նկատմամբ և նրան պարբերաբար հիշեցնում էին, որ Ձեր ընկերն է եղել.

«Ասացին, թե որպես քաղաքացի, որպես Ձեր ընկեր՝ ձեզ ի՞նչ կհորդորի, վերջինս ասաց, որ եթե փողոցում պատահաբար հանդիպի, երկարատև ժամանակ Ձեզ չի տեսել, ապա կասի՝ կրքերը հանդարտեցնեք  և ատելության խոսք չտարածեք»:

Վանեցյանն արձագանքեց. «Ես վերջին շրջանում անընդհատ հանդես եմ գալիս հրապարակային հայտարարություններով, որով բացառում եմ բռնությունը և հորդորում եմ բոլոր կողմերին՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը,  գտնել լուծումներ՝ երկուստեք ընդունելի լուծումներ, և կարծում եմ՝ դրանից ավել ասելու բան չկա: Բռնության կոչեր, բռնության քարոզ մենք չենք անում. ես էլ եմ դատապարտել բռնության ցանկացած կոչը, բռնության դեպքերը և նորից ուզում եմ ասել՝ բռնությունը մեր երկրում, անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից, անթույլատրելի է»:

Նա Ռուբեն Վարդազարյանի մասին հավելեց, որ իր ընկերն է և շատ հպարտ է, որ ունի նման ընկեր, իսկ մնացածը որակեց քաղաքական բեմականացում:

Հարցին, թե ռիսկային չէ՞ արդյոք նման հանրահավաքների կազմակերպումը համավարակի պայմաններում՝ Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«Իհարկե, նպաստում է, իհարկե, կա նման ռիսկայնություն, բայց կարծում եմ՝  մեր երկրի ապագան ավելի կարևոր է, քան քովիդի դեմ պայքարը»:

Նա հավելեց, որ վերջին շրջանում թվերը բավականին իջել են, ինչը, ըստ նրա,  նշանակում է, որ պաշտոնական տեղեկությունները հիվանդացած, վարակված և բուժված մարդկանց մասին իրականությանը չեն համապատասխանում.

«Նման մասսակայան միջոցառումներ անելու դեպքում՝ մենք պետք է տեսնեինք մեծ քանակությամբ քովիդով հիվանդ մարդկանց, բայց չկան. դա վկայում է միայն մի բանի մասին,  որ այս ժամանակահատվածում և մինչև պատերազմը մեր իշխանություններն անփառունակ պայքար էին մղում քովիդի տարածման դեմ, այդ ընթացքում վարակվել են շատ-շատ ավելի մարդիկ, և շատ մարդկանց մոտ ձևավորվել է իմունիտետ»:

 

Տեսանյութեր

Լրահոս