2018 թվականի հոկտեմբերի 2-ին ո՞ւր էիք. դուք չէի՞ք կանգնած այստեղ, ո՞նց բացեցին այս դարպասները. Գեղամ Մանուկյան

«Զգո՞ւմ եք՝ ինչ խելագարանոց են սարքել մեր երկիրը, որ այստեղ հավաքվել ենք, որպեսզի մի բան լինի՝ ՀՀ նախագահը շարժվի օրենքով,  այսինքն՝ իր պարտականությունը կատարի»,- ԱԺ դիմաց հանրահավաքի մասնակիցներին դիմելով՝ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա հավելեց՝ ՀՀ նախագահը, ինչպես և շտապօգնության բժիշկը կամ հրշեջը, նույն երկրի ծառայողներն են՝ այն տարբերությամբ, որ տվյալ դեպքում մի ամբողջ երկրի ազգային անվտանգության հարցն է դրված սեղանին. «Նույն հրշեջն ու շտապօգնության աշխատողը, տվյալ դեպքում, ՀՀ նախագահն է, որն ունի մեկ ժամ հինգ րոպե՝ հասնելու դեպքի վայր»:

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաև ՀՀ ոստիկանության կողմից տարածված պաշտոնական այն հաղորդագրությանը, ըստ որի՝ «տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16:00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ». «Այսօր արտառոց մի բան եղավ  հանրահավաքից առաջ.  ոստիկանությունը մի հաղորդագրություն տարածեց՝ իբր տեղեկություններ ունեն, որ սադրանքներ են լինելու: Հիմա ես անկեղծ ասեմ. վերջին 4 ամիսներին՝ Ազատության հրապարակ, Հանրապետության հրապարակ, Բաղրամյան պողոտա՝ բոլոր հանրահավաքների՝  որպես մասնակից,  չի եղել դեպք, երբ մեր տասնյակ-հազարավոր քաղաքացիները, ովքեր մասնակցում են հանրահավաքների, դիմեն սադրանքի: Հակադարձում եղել է. հակադարձում սադրիչներին:

Ամսի 25-ին, երբ Ազատության հրապարակում հավաքվելու կոչ եղավ, երբ մեր քաղաքացիները հավաքվում էին Ազատության հրապարակում, ու ամեն մի բանական մարդու հասկանալի էր՝ Ազատության հրապարակում լինելու են հազարավոր մարդիկ, և ճիշտ չէ հակառակ տեսակետով կամ բերովի մարդկանց անցկացնել Մաշտոց պողոտայով՝ Ազատության հրապարակի կողքով, որովհետև բանական մարդը կհասկանար, որ կարող է բախումներ լինեն,  այսօր այս շենք եկած Նիկոլ Փաշինյանն այդ օրը հատո՛ւկ իր երթի մասնակիցներին (քաղաքացի չեմ ասում) բերեց Մաշտոց պողոտայով, որ լինի բախում: Բարեբախտաբար, բախումը մեծ չէր:

Հիմա հարց՝ պարոնա՛յք ոստիկաններ, 4 ամսվա մեջ տեսե՞լ եք ուրիշ սադրանք.  սադրիչը մեկն է, որի անունը Նիկոլ է: Պարոնա՛յք ոստիկաններ, ոստիկանապետից սկսած՝ սադրի՞չ եք ման գալիս՝ մտե՛ք էս սադրիչին բռնեք, ուրիշ տեղ սադրիչ ման չգա՛ք:

Այսօր պետական բյուջեի փողերը այս ծանր վիճակում էդքան գյոլ էին տվե՞լ, որ ԱԺ դարպասներն եք զոդում այսօր, ԱԺ դարպասներից ինչի՞ եք վախենում:  Էս դարպասներն ո՞վ է բացել, ո՞վ է բացել առանց թույլտվության՝ ձե՛զ եմ դիմում, ոստիկանությո՛ւն, ձե՛զ, 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ո՞ւր էիք. դուք չէի՞ք կանգնած այստեղ, ո՞նց բացեցին այս դարպասները, ոստիկանությո՛ւն, ո՞նց բացեցին, ո՞նց մտավ Նիկոլը ներս, ո՞նց հազարավորներին տարավ ներս, օրենքով մտա՞վ: Բա էդ պայթուցիկները , որ շարել եք էսօր, էդ օրը ինչի՞ չկար:

Հարգելի՛ ոստիկաննե՛ր, իարվապահներ, այ էս շենքի վերևում կանգնած դիպուկահարներ, չգիտեմ՝ ո՞ւմ վրա եք էստեղ նշան բռնել, բայց իմացեք՝ ձեր թիկունքում նստած, վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը հաստատ նշան է բռնել. նշան է բռնել մեր երկրի ազգային անվտանգության վրա, մեր երկրի ամբողջականության վրա, իմացեք՝ ում վրա նշան բռնեք, ժողովրդի վրա նշան չբռնե՛ք»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս