Մի օր հետ ենք բերելու Հադրութն ու Շուշին․ ՀՅԴ անդամ
«Օրեր առաջ մենք խոստացանք, որ Բաղրամյան պողոտան դառնալու է մեր պայքարի հրապարակ, և մենք լինելու ենք այստեղ այնքան ժամանակ, քանի հաղթական ավարտի չենք հասցրել մեր արդար գործը»,- ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
Ապա խոսքն ուղղելով ներկաներին՝ ասաց, որ այնտեղ են, քանի որ հաշտ չեն հայրենիքի կորստի հետ։
«Որովհետև դուք համոզված եք, որ մի օր հետ ենք բերելու Հադրութն ու Շուշին, որովհետև դուք չեք կարող մոռանալ այն պարտքը, որ ունենք մեր 5000 անմեղ զոհված նահատակների առջև։ Երբեք չենք հաշտվի դավադիրի այն վճռի հետ, որը թուրքի ոտքն ու շնչառությունը բացեց Սյունիքում։ Մենք դրան ասում ենք՝ ոչ։ Ըստ էության, նոյեմբերի 9-ին չի ավարտվել մեր պարտությունը, և ոչ էլ մեր պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին։ 2018թ․ապրիլին, ցավոք, մենք կոփեցինք մեր պարտությունը, երբ հավատացինք մանիպուլյացիաներին, դավադրություններին, մեր անցյալը մերժողին, և այդ ողբերգությունը, ըստ էության, այսօր շարունակվում է։ Մենք այսօր ունենք երկու Հայաստան՝ իրական, պահանջատերը, որ այստեղ է կանգնած, և սուտ Հայաստանը՝ մեր ցավերի, դարդերի, իրականության հետ կապ չունեցող, որն այս ճաղավանդակների հետևում է՝ ԱԺ, քաղաքական մեծամասնություն։ Ու հիմա նստել են այնտեղ, Նիկոլի և իր ղեկավարած կառավարությանը հարցուպատասխանի ռեժիմով հարցեր են տալիս, իբր Հայաստանում ոչինչ չի կատարվել, իբր իրենք մեղավոր չեն մեր այս պարտության համար։ Քաղաքական մեծամասնություն, քո լուռ հանդուրժողականությամբ, կոճակ սեղմելով՝ Նիկոլի դավադրությանը մասնակից ես ու այդ դավաճանությունը կիսող։ Հիշում եք, թե ինչ ժողովրդավարական խոստումներ էին եկել, բոլորիս սիրում էին։ Ես թքել եմ այն ժողովրդավարության վրա, որը կործանման է տանում իմ հայրենիքը։ Ինձ այդպիսի ժողովրդավարություն պետք չէ։ Հիշո՞ւմ եք դրանց խոստումները։ Նախկիններին մեղադրում էին փողերը փոշիացնելու ու չգիտեմ ինչերի մեջ։ Առաջին բանը, որ արեցին՝ սեփական պարգևավճարներն էին, և ժողովրդից թաքուն 128 միլիոն դոլարի պարգևավճար ստացան, այն դեպքում, որ բյուջե նույնիսկ 116 միլիոն դոլար չէր եկել, և հետո Լենա Նազարյան անունով փոխխոսնակն ասում էր, թե՝ հո նվիրյա՞լ չենք, որ 600,000 դրամի համար աշխատենք»,- նշեց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում



