Ի՞նչ էր քննարկում Ռուստամ Բադասյանը Վճռաբեկ դատարանի նախագահի հետ

ԱԺ այսօրվա նիստում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հյուրընկալել է ինչ-որ քաղաքական պաշտոնյայի:

Լրագրողների հարցին՝ ո՞ւմ նկատի ուներ պատգամավորը, նա  պատասխանեց,  որ երբ Լիլիթ Թադևոսյանը թեկնածու էր ու եկել էր ԱԺ, ինքն անձամբ հարցրել է, թե արդյո՞ք ինքը քաղաքականապես անկախ է:

«Թադևոսյանը վստահեցրեց, որ ինքը գործելու է՝ որպես բացառապես անկախ դատավոր: Ես ստանում եմ հեռախոսազանգեր Վճռաբեկ դատարանի դատավորներից և աշխատակիցներից, որոնք ինձ տեղեկացնում են, որ նա մի քանի օր առաջ հյուրընկալել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Հիմա իմ մոտ հարց է առաջանում՝ մարդ, պաշտոնյա, որը կոչված է իրականացնելու արդարադատություն ու կոչված է լինելու անկախ դատարան և բոլոր վճիռների վերջին ատյանը, կնիքը դրվում է Վճռաբեկում, ու արդեն չունենք վերադաս ատյան, նա ի՞նչ է քննարկել Արդարադատության նախարարի հետ: Ես ակնկալում եմ, որ Լիլիթ Թադևոսյանը բարձրաձայն կհրապարակի իրենց հանդիպման նպատակը, օրակարգը և նաև կխոստանա, որ այլևս երբեք քաղաքական որևէ պաշտոնյայի հետ չի հանդիպի: Եթե մենք այստեղ խոսում ենք, որ Ռուբեն Վարդազարյանը, արտահայտելով «վնգստացող դատավորներ» տերմինը, դա վերածում են քաղաքական բովանդակության հայտարարության, առնվազն Լիլիթ Թադևոսյանի գործողությունը պետք արժանանա գնահատականի, ու Վճռաբեկ դատարանի նախագահը պետք է բացատրություն տա»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լսելով հարցը, թե ինչ էին քննարկում Վճռաբեկ դատարանի նախագահի հետ, պատասխանեց. «Գնացել էի քննարկելու Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը»:

Լրագրողի դիտարկմանը, որ դրանով նրա անկախությունն է հարվածի տակ դնում՝ Բադասյանն արձագանքեց. «Ի՞նչ անկախություն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս