Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ իշխանությունից չզրկվի. Ալեն Ղևոնդյան

Պատերազմում պարտված,  Արցախ բառն առհասարակ չարտաբերող, Ադրբեջանում գտնվող մեր գերիների մասին որևէ բառ չասող Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է Հայաստանի անվտանգության համար սպառնալիք, և ստեղծված իրավիճակով պայմանավորված էլ՝ Գլխավոր շտաբն օրերս հանդես եկավ հայտարարությամբ, որի վերաբերյալ էլ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է Սահմանադրության դիրքերից լուծում առաջարկել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպես գնահատեց ստեղծված իրավիճակը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ հավելելով.

«Սակայն այս պահին Օնիկ Գասպարյանը  շարունակում է կատարել Գլխավոր շտաբի պետի պարտականությունները, իսկ Արմեն Սարգսյանը, մտնելով գործընթացի մեջ, նպատակ չունի կանգնել որևէ մեկի կողքին։ Արմեն Սարգսյանը փորձելու է Սահմանադրության դիրքերից  լուծել հարցը։ Հիմա պետք է հստակ հասկանալ, որ խնդիրն այլևս քաղաքական չէ՝ պետական է. վաճառքի սեղանին է դրված պետության գոյության և անվտանգության օրակարգը»,- ասաց Ղևոնդյանը։

Հարցին՝ արդյո՞ք պետության համար ստեղծված այս իրավիճակում  կարող են որպես ելք դիտարկվել  արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի մասին հայտարարել է Փաշինյանը, իսկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ պատրաստակամություն է հայտնել Փաշինյանի հետ հուշագիր ստորագրել ու գնալ ընտրության, Ալեն Ղևոնդյանը  պատասխանեց.

«Նախ պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ իշխանությունից չզրկվի, բացի այդ, պետք է հասկանալ՝ այս գործընթացն ի՞նչ շահառուներ ունի, և այդ շահառուները կրակից ի՞նչ շագանակներ են ուզում հանել։ Մյուս կողմից, պետության շահի տեսանկյունից արտահերթ խորհրդարանական ընտրությունը չի բխում պետության շահից՝ հատկապես փետրվարի 25-ից հետո, երբ ակտիվ վարչական ռեսուրսի կիառմամբ մենք տեսանք՝ ինչպե՞ս էին հանրահավաք կազմակերպում։ Հիմա նրանք նույնությամբ 10000 դրամ բաժանելով՝ մարդկանց բերելու են ընտրական տեղամասեր՝ հատկապես, որ կայացած հանրահավաքը  ցույց տվեց, որ գործող վարչապետը չի կարող այլևս փողոցը մոբիլիզացնել այնպես, ինչպես նախկինում կարողանում էր, հետևապես՝ հիմա խոսելով արտահերթ ընտրության մասին՝ հերթական մանիպուլյացիան է անում։

Կրկնում եմ՝ վարչական ռեսուրսով միտինգ անողն էլ վարչական ռեսուրսով  ընտրություն կանցկացնի ու կվերարտադրվի։ Եթե սույն անձնավորությունն ունի իր ես-ի հետ կապված խնդիրներ, միևնույն է, չի կարող ասել՝ իշխանությունը ես եմ ու ինչ ուզեմ՝ այդպես պետք է լինի»,- ասաց Ղևոնդյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս