«Այդ ո՞ւմ 18 տարեկաններին զոհաբերեցին այդ 44 օրվա ընթացքում, եթե ելքն այսպիսին էր լինելու». Արթուր Եղիազարյան

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այն կարծիքին է, որ եթե բանակը ցանկանար ռազմական հեղաշրջում իրականացնել, ապա դրա մասին նախապես չէր հայտարարի:

«ԳՇ հայտարարությունը չի կարող դիտվել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Հեղաշրջման համար կոնկրետ գործողություններ կան՝ կոնկրետ շենքերի, օբյեկտների գրավում, զինվորականների կողմից կարգուկանոնի սահմանում երկրում, պարետային ժամ, որոշակի սահմանափակումներ և այլն: Նույն տրամաբանությամբ՝ գիտնականներն էլ են Փաշինյանի հրաժարականը պահանջում, ասենք՝ գիտական հեղաշրջում է տեղի ունեցե՞լ: Հայտարարության հիման վրա ասել՝ հեղաշրջում, այդքան էլ լուրջ չէ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ լավ իրազեկված չի եղել և շտապել է նման հայտարարություն անել:

Փորձագետը նկատեց՝ բանակը տվյալ պետության և ժողովրդի ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորն է, և ըստ նրա՝ այդ ինստիտուտի հետ ոչ ճիշտ վարվելը նշանակում է՝ կասկածի տակ դնել ընդհանրապես պետականության գոյությունը.

«Չունես բանակ, ուրեմն՝ չկա պետություն: Ալիևն էլ մի քանի օր առաջ ասաց, որ Հայաստանին բանակ պետք չէ: Ես միշտ ուզում եմ հույսի տեղ թողնել, որ չենք կարող ներքին այդքան վատ տեսակ ունենալ, որն այս ամենը գիտակցելով է անում՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին, բայց այդքան պատահականությունների շարանը համոզիչ չէ:

Տեսեք՝ մի կողմից շահարկվում է անհետ կորածների, նոր զորակոչվողների ծնողների, զինակոչիկների հարցը, որ չեն ուզում ծառայել, չեն ուզում Արցախ գնալ, ինչը շատ վտանգավոր է: Մարդիկ առաջին հայացքից չեն պատկերացնում, թե սա ինչ է, բայց սա հենց բանակի կազմալուծումն է: Այս առումով՝ շատ դեպքերում կարծում եմ, որ սա այդ տրամաբանության մեջ է, որ առևտրային ճանապարհները բացվեն, խոչընդոտներ չլինեն, և միակ լուրջ խոչընդոտը այդ ամենին կարող է լինել բանակը: Եթե բանակը չկա, անվտանգություն չկա, և մենք վերածվում ենք սպասարկող և սպառող մի ազգի, եթե մի կողմ դնենք ֆիզիկական գոյության խնդիրը»:

Նա ընդգծեց՝ եթե թուրքը խոսում է խաղաղությունից, ուրեմն՝ պատրաստվում է պատերազմի. «Միշտ է այդպես եղել, և նա այն տեսակն է, որ երբ դիմացինը թույլ է, նա անընդհատ առաջ է գալու, անընդհատ հարվածելու է, նրան զսպող միակ միջոցը ուժն է, պետք է ձևավորենք այդ ուժը, որ նա չհամարձակվի այդ լեզվով խոսել: Խաղաղությունը սա կլինի, իսկ տրվելը խաղաղություն չէ»:

Արթուր Եղիազարյանի խոսքով՝ այսօր Հայաստանում օխլոկրատիա է, այսինքն՝ հասարակության ստորին շերտերը, որոնք գիտակցական առումով այն հարթության մեջ չեն, որ կարողանան լուրջ գնահատականներ հնչեցնել, նրանց է տրված իշխանությունը, և դրա համար էլ հնչում են այնպիսի հայտարարություններ, ինչպիսին Փաշինյանի աջակիցների՝ Շուշիի, և առհասարակ, Արցախի ադրբեջանական լինելու հայտարարությունն է, կամ՝ «ավելի լավ է պատերազմ լինի և բոլորը կոտորվեն, քան նախկինները վերադառնան», և այլն:

«Մենք ունենք հանրության մեջ մարդիկ, որոնք ասում են՝ ինչ ուզում եք՝ տվեք, մենք թուրքի հետ կապրենք, որովհետև տարիներով թուրքի հետ առևտուր են արել: Այնպիսի խավեր են առաջացրել, որ եթե մենք 20 տարի առաջ կարող էինք ժպիտով վերաբերվել, որ հայ մարդը կարող է նման հայտարարություն անել, այսօր, ցավոք, մենք տեսնում ենք, որ դրանք բացառիկ դեպքեր չեն: Բայց նաև կան մանիպուլյացիաներ՝ օգտագործելով այդ նույն մարդկանց: Այնպես չէ, որ այդպես մտածողներն են շատ, այլ նաև ուղղորդում են այդ մտածողության ձևավորմանը»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարության վերաբերյալ Թուրքիայի արձագանքը ցույց տվեց, որ Թուրքիան շատ ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀ իշխանությունների հետ և վախենում է կորցնել նրանց.

«Պարոն Փաշինյանի լայվերի տակ նայեք՝ թուրքերն ու ադրբեջանցիներն ինչպես են պաշտպանում նրան: Ալիևն էլ է վախենում: Իրենք գիտեն, որ չեն հաղթել Հայաստանին, հասկանո՞ւմ եք, այս պատերազմում մենք չենք պարտվել, գուցե նոր բառ եմ հորինում, բայց մեզ «պարտվեցրել» են: Իրականում այս պատերազմը, գուցե մի փոքր ավելի թանկ գնով, բայց կարող էր լրիվ այլ ելք ունենալ, կարող էինք հաղթել: Եկեք հաշվի առնենք, որ մեր բանակն առաջին օրերին շատ լավ դիմակայում էր, և այս ամենը քաղաքական ղեկավարման սխալի արդյունքն էր՝ միանգամից տասնյակ կիլոմետրերով նահանջի հրաման տալը, նոր բնագծեր թիկունքում չձևավորելը…

Տեսեք՝ որտեղ բանակը հստակ կանգնած էր, նույն՝ Ասկերանի ուղղությամբ, նույն Մարտակերտի ուղղությամբ, այնտեղ առաջ չեն եկել, եթե չհաշվենք առաջին օրերին Մատաղիս և Թալիշ գյուղերը, որոնք, կարծում եմ, եթե պատերազմը շարունակվեր, կվերականգնվեր: Ադրբեջանը վերջին օրերին արդեն ավելի հին սերնդի տանկեր էր նետում կռվի դաշտ, և այլն, և կարծում եմ՝ մեզ ուղղակի տարան պարտության, որ պետք է ելքը այսպիսին լիներ, և բանակը չպարտվեց: Սա գիտի ադրբեջանցին, իրենց զինվորները գիտեն, որ իրենք շատ դեպքերում հայերի հետ չեն առնչվել, ուղղակի հայերը գնացել են, իրենք հայտնվել են այդ տեղանքում: Հսկայական շրջաններ առանց կռվի հետո տվեցինք, և իրենք հասկանում են, որ, եթե ռևանշի գործընթաց սկսվի, ապա հայերը կարող են վերականգնել այդ ամենը»:

Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ ո՞ւմ 18 տարեկան երեխաների հաշվին եք ուզում ազատագրել այդ տարածքները, նա արձագանքեց. «Իսկ ի՞նչ են ուզում՝ Հայաստանի իսպառ վերացո՞ւմ: Իսկ այդ ո՞ւմ 18 տարեկաններին զոհաբերեցին այդ 44 օրվա ընթացքում: Բազմաթիվ տեղեկություններ կան, որ կռիվը կանգնեցնելու համար և՛ դրսից են առաջարկներ եղել, և՛ ներսից՝ ԳՇ-ից, որ այս ձևով կռիվը չենք կարող շարունակել, այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրությամբ դեռ 1000-ի չէր հասնում զոհերի թիվը: Դրանից հետո շարունակել և հասցնել 5000-ի, դեռ չգիտենք էլ հստակ թիվը, այսքան ժամանակ անց պետք է թվի խնդիր չլիներ, որովհետև դու այսքան մարդ ես տարել, այսքանը վերադարձել է, պակասորդ թիվը պետք է հստակ լիներ, բայց առ այսօր այդ թիվը չունենք, ուղղակի թաքցնում են: Բա էդ ո՞ւմ 18 տարեկաններին տարաք և ոչնչացրիք, եթե ելքը այդպես պետք է լիներ: Կարծում եմ՝ սա հենց դա էր՝ հանձնել տարածքները կռվով, որպեսզի իշխանությունը դա գցի հասարակության, բանակի վրա, ասի՝ չկռվեցիք»:

Նա հավելեց. «Ով գալիս է քաղաքականություն՝ կարող է թուքումուր էլ ուտել, բայց պատմությունը ամեն ինչ ժամանակի մեջ իր տեղը դնում է: Եթե այս պահին քո խնդիրը զուտ իշխանությունը պահելն է, և վախենում ես՝ քեզ վարկաբեկեն, ապա ունենում ենք այն, ինչ ունենում ենք: Իսկ ուժեղ ղեկավարը հասկանում է, որ թեկուզ ինքն իշխանությունից թուքումուրով էլ գնա, վաղը-մյուս օրը պատմությունը սրբագրելու է և ցույց է տալու, որ այս մարդու շնորհիվ հնարավոր եղավ այս, այս, այս բաները կանխել, և ինքը կմնար դրական կերպար, բայց սրանով հիմա մենք ի՞նչ լուծման ենք գնում: Այսպես մեր երկիրը օր օրի մաշվում և ոչնչանում է ուղղակի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս