
Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին

Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պատերազմի հետևանքով ռազմագերի դարձած բոլոր անձանց: Այս մասին Հռոմից հայտնեց լրագրող Թալալ Խրայիսը:
Համապատասխան բանաձևը պատգամավորների պալատին ներկայացրել է պալատի նախագահ Պյերո Ֆասինոն:
Ինչպես ասվում է բանաձևի տեքստում, այն կառավարությանը պարտավորեցնում է կոչ անել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, խրախուսել կողմերին կառուցողական կերպով ձգտել նպաստել տարածքների ականազերծմանը՝ կոչ անելով նրանց միմյանց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները: Կառավարությանը կոչ է արվում նաև ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և Եվրոպական միության համապատասխան հարթակներում աջակցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարմանը:
Ըստ բանաձևի՝ Իտալիայի կառավարությունը նաև պետք է կոչ անի Մինսկի խմբի համանախագահին՝ աջակցելու կողմերի միջև բանակցություններին, որոնք միտված են տարածաշրջանում խնդրի վերջնական լուծմանը: Նախատեսվում է, որ Իտալիայի կառավարությունը երկու երկրների հաշտեցման և բանակցությունների վերսկսման համար պետք է օգտագործի նրանց հետ առկա գերազանց հարաբերությունները: