«Բոլոր տեղերից ստացել եմ ահազանգեր, որ իրենց հորդորում են, որպեսզի գան Երևան ու մասնակցեն վարչապետի հանրահավաքին». Սոֆյա Հովսեփյան
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ փաստ է, որ մարտի 1-ին իշխանությունն օգտագործել է վարչական ռեսուրս՝ մարզերից Երևան մարդիկ բերելու համար: Բազմաթիվ արձագանքներ են եղել մարզերից, որ այդ հարցով դիմել են մարզպետները, պատգամավորները և փաստացի կազմակերպել են իրենց հանրահավաքը:
«Բոլոր տեղերից ստացել եմ ահազանգեր, որ իրենց հորդորում են, որպեսզի գան Երևան ու մասնակցեն վարչապետի հանրահավաքին, իմ կարծիքն են հարցրել, ես առհասարակ որևէ բան չեմ ասել, քանի որ նրանք իրավունք ունեն որոշում կայացնելու: Բնականաբար, մարդիկ եղել են, որ եկել են, եղել են՝ չեն եկել, ես չեմ պատրաստվում այդ մարդկանց քննադատելու: Եթե այսօրվա իշխանությունը քննադատել է մի վարքագիծ, բայց շարունակում է այդ վարքագծով առաջ շարժվել, ուրեմն՝ մենք հասել ենք զրոյական կետի կամ ավելի վատ վիճակում ենք: Փաստացի այն, ինչի դեմ պայքարել ենք, այսօր ունենք այդ իրականությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը:
168.am-ի հարցին՝ իր համար հասկանալի՞ է, թե Կառավարության և Գլխավոր շտաբի միջև ինչ խնդիրներ ծագեցին, որ ԳՇ-ն կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածեց, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ այդ մասին պետք է խոսեն Գլխավոր շտաբը և վարչապետը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հակասություններ կան:
«Ակնհայտ է, այն, ինչ մենք տեսնում ենք դաշտում, դա առաջացավ «Իսկանդերի» հետ կապված ոչ այսպես կամ առհասարակ չմտածված ու ծանրութեթև չարված արտահայտությունների հետևանքով, ու ամեն ինչ կարծես շղթայով գնաց: Բայց սա միայն արտաքին երևացող շերտն է: Կարծում եմ՝ մոտ օրերս կլինի երկուստեք խոսակցություններ, ու կհասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդրին և դրա հետ կապված ընդդիմության ու իշխանության հայտարարություններին՝ Սոֆյա Հովսեփյանը նկատեց՝ երբ ընդդիմությունն է այդ հարցը շահարկում ու քաղաքական դիվիդենտներ շահում, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ իշխանությունն է շահարկումներ անում՝ անհասկանալի է:
«Գերիների հարցն այն հարցն է, որը վերաբերում է ամբողջ ազգին, և պետք է մտածենք՝ ընդդիմություն թե դիմություն: Մեր գերիների թիվը բավականին մեծ է, և դա փաստ է, տեսանյութերը, եղած նյութերը վկայում են այդ մասին: Գրեթե մեկ ամիս առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ ունի 79 ռազմագերի, որի մեջ մտնում են Խծաբերդի ու Թաղվարդի դեպքից հետո գերեվարվածները»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



