Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումների արդյունքում Փաշինյան Նիկոլը հրաժարական կտա. Գագիկ Մինասյան

«Դեռ այսօր ժամանակ կա, որպեսզի հանրապետության նախագահն այդ հրամանագիրն ուղարկի Սահմանադրական դատարան՝ պարզելու համար դրա սահմանադրականությունը, և ես կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների և հանրապետության նախագահի միջև, միտված է հենց այդ խնդրի պարզաբանմանը և կարգավորմանը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հայտարարության  ու դրա հետևանքների մասին:

Մինասյանի խոսքով՝ պատկերացում կազմելու համար, թե ո՞ր շղթայի հերթական օղակն է Գլխավոր շտաբի (ԳՇ) պետին պաշտոնանկ անելու խնդիրը, պետք է հետ գնալ 3 տարի, տեսնել, որ, ըստ էության, իշխանափոխությունից հետո Փաշինյանը ու նրա ղեկավարած խմբավորումն ամեն ինչ արել էր, որպեսզի քանդեր պետականության բոլոր հենասյուները, ինստիտուտները, հեղինակազրկեր այն մարդկանց, որոնց ջանքերի շնորհիվ կայացել է պետությունը:

Գ. Մինասյանն ուշադրություն է հրավիրում ԳՇ հայտարարությանը, որում հստակ արտահայտված էր այն միտքը, որ Փաշինյանի կողմից հետևողականորեն իրականացվում է բանակի հեղինակազրկում ու նրա ինստիտուտների կազմաքանդում:

«Բավական է հիշել այն հանգամանքը, որ պատերազմից առաջ, ըստ էության, բոլոր պաշտպանական շրջանների ղեկավարները փոխվեցին, մի քանի շրջանի ղեկավարներ մի քանի անգամ փոխվեցին, մեծ փոփոխություններ տեղի ունեցան ԳՇ-ում, և սա չէր կարող նպաստել մեր բանակի մարտունակության բարձրացմանը: Եվ ԳՇ պետին պաշտոնանկ անելու ցանկությունը ես տեսնում եմ այդ շղթայի հերթական մի օղակի իրականացում»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Ըստ Մինասյանի՝ այս կերպ Փաշինյանն ու իր թիմակիցները փորձում են Հայաստանին տանել այնպիսի պարտության, ինչպիսի պարտության տարել են Արցախը:

Այս ամենի համատեքստում, ըստ Մինասյանի, կարևոր է նաև Փաշինյանի այսօրվա հանդիպումները խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ, որի ընթացքում Մինասյանը հույս ունի, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների և ԱԺ խմբակցությունների ղեկավարները կպաշտպանեն իրենց տեսակետը առ այն, որ այս ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

«Այսօր տեղի ունեցող հանդիպումները և այդ հանդիպումների արդյունքում կայացվող որոշումներն էապես կորոշակիացնեն այն, թե ընդդիմության գործունեության ընթացքը որ ճանապարհով է գնալու: Ես հույս ունեմ, որ խելամտությունը կհաղթանակի, և այդ հանդիպումներն ու նրանց արդյունքում կայացրած որոշումները կտանեն դեպի կառուցողական զարգացումներ, կբերեն նրան, որ Փաշինյան Նիկոլն իսկապես հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, կստեղծվի ժամանակավոր կառավարություն՝ այն, ինչի մասին տևական ժամանակ խոսում է ընդդիմությունը, և արդեն այդ կառավարության օրոք տեղի կունենան ընտրություններ»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ Փաշինյանի իշխանության օրոք ընտրություններ տեղի ունենալու դեպքում կլինի այն, ինչին հանրությունն ականատես եղավ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի ընթացքում՝ կեղծիք, պարտադրանք ու շանտաժ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս