Բաժիններ՝

Չար և բարի ուժեր, առեղծված. «Գոյ» թատրոնը հանդիսատեսին կներկայացնի «EQUUS» բեմադրության առաջնախաղը

«Գոյ» թատրոնը թատերասերների դատին կհանձնի Պիտեր Շաֆերի պիեսի հիման վրա բեմադրված «EQUUS» հոգեբանական թրիլերը: Ներկայացման առաջնախաղերը նախատեսվում են մարտի 13-ին և 14-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանը նշեց, որ պիեսի բովանդակության մասին խոսելը բավականին բարդ է: «Գլխավոր կերպարներից մեկի մայրը մոլի հավատացյալ է: Նա իր երեխային այդ արժեքներով է դաստիարակում, ծանոթացնում Աստվածաշնչին, իսկ հայրը դեմ է այդ ամենին: Հայրը մի օր տանը կախված Քրիստոսի նկարը պատռում ու դեն է նետում: Երեխան տխրում է, լաց լինում, բայց մի քանի օր հետո ձիու նկար է ամրացնում պատին, նկար, որը հայրն է նվիրել: Հենց այդտեղից առաջ են գալիս բոլոր խնդիրները»,- պատմեց Սահակյանը:

Ըստ նրա՝ եթե ինչ-որ տարածություն դատարկում ես, այն լցվում է հակառակ ուժով, որը կարող է ավելի տիրական, անզիջում, ագրեսիվ լինել, ուժ, որը փորձում է տիրանալ բեմադրության հերոսի հոգուն:

«EQUUS»-ի 14-ամյա հերոսն աշխատում է ախոռում: Նա վեց ձիու աչք է հանում: Ներկայացումը հետաքննություն է, որի ընթացքում պարզ է դառնալու, թե ինչ կլինի այդ երեխայի հետ:

Ներկայացումը «Գոյ» թատրոնի և «Էպսիդոն» թատերախմբի համատեղ նախագիծն է, որում ընդգրկված են դերասաններ Արա Սարգսյանը,
Արմեն Սարգսյանը, Հասմիկ Աբովյանը, Տրդատ Մակարյանը, Լիլիթ Սալնազարյանը, Լիանա Ավետիսյանը, Գայանե Բալյանը, Սարգիս Չոլոյանը, Կառլեն Կարապետյանը: Բեմանկարիչը Գարիկ Մանուկյանն է:

Սահակյանը տեղեկացրեց, որ «EQUUS»-ը տարվա երկրորդ առաջնախաղն է: Ավելի վաղ հանդիսատեսին են ներկայացրել Նիկոլայ Գոգոլի ստեղծագործության հիման վրա տեղծված «Գլուխս վառվում է» բեմադրությունը:

«EQUUS»-ը պետք է խաղային նախորդ տարվա մարտին, սակայն համավարակը խանգարել է ծրագրի իրականացմանը: «Համավարակով սկսվեց դժոխքը, հետո՝ պատերազմը: Այդ ամենը շատ ցավալի է, բայց երևի թե պետք է վերադառնանք, փորձենք բնականոն, արարչական, ոչ թե փլուզման կյանքով ապրել: Դժվարությամբ ենք աշխատում. կան մարդիկ, որոնք ամաչում են բաց գույնի հագուստներ կրել, որովհետև այդքան արհավիրքներ տեսանք: Մեզ համար իսկապես բարդ է. պատերազմի ընթացքում կորցրինք թատրոնի դերասան Ադամ Խալաթյանին և մարտի 26-ին խաղալու ենք Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ներկայացումը, որը նվիրվում է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ադամի և զոհված մյուս տղաների հիշատակին»,- ընդգծեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա հավաստիացրեց՝ չնայած խնդիրներին, հանդիսատեսը մեծ կարոտով է գալիս թատրոն: «Մենք պարտավոր ենք ապրել, որ մեր զոհված հերոսների հիշատակը վառ պահենք ու այս առ ոչինչը վերացնենք»,-եզրափակեց Արթուր Սահակյանը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս