
Բնակչության տարհանումը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ Արցախի ՄԻՊ-ի կողմից ներկայացված փաստական տվյալների հիման վրա հարուցվել է քրգործ

2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքով սահմանված՝ բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:
Քննարկման նախաձեռնման համար որպես հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները, ըստ որոնց, փետրվարի 19-ի դրությամբ, 33 քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում, մեկ տասյակից ավելի քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է:
Գործի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով տվյալները փոխանցվել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն, որի հիման վրա սույն թվականի մարտի 1-ին հարուցվել է քրեական գործ: