«Պետք է ավելի կտրուկ գործողությունների գնալ և հեռացնել այս իշխանություններին». Հայկ Խալաթյան

Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի նպատակը ոչ թե Մարտի 1-ն էր, այլ քաղաքական դիվիդենտներ ստանալը:

«Ամբոխից գոռում էին՝ «գնանք Բաղրամյան», որտեղ այդ ժամանակ ընդդիմության ցույցն էր, և հասկանալի էր, որ դա կարող էր տանել բախումների, և ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը՝ նա երթը տանում է Մաշտոցի պողոտայով՝ ընդհուպ մոտենալով ընդդիմության ակցիային, և եթե ոստիկաններն այնտեղ չլինեին, բախումներ լինելու էին: Դա էլ է խոսում այն մասին, որ այս մարդու համար իր հայրենակիցների կյանքը որևէ արժեք չունի, և նա պատրաստ է իր քաղաքական շահի համար նաև քաղաքացիական բախումներ կազմակերպել, նույնիսկ՝ քաղաքացիական պատերազմ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Մամուլում բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ հրապարակվեցին, թե ինչպես էին իշխանությունները մարդկանց Հանրապետության հրապարակ տանելու համար վարչական և ֆինանսական ռեսուրսներ կիրառում: Դրա վերաբերյալ Ալեն Սիմոնյանն ասել է. «Ենթադրենք՝ ՔՊ-ն կազմակերպել է համակիրների տեղափոխում, դա կոչվում է ռեսուրսի օգտագործո՞ւմ»: Այս հարցի առնչությամբ Հայկ Խալաթյանն ասաց, որ տարբեր տեսանյութերում հստակ երևում էր, որ մարդկանց բերում էին ոչ միայն շրջկենտրոններից, այլ նույնիսկ որոշակի ընկերություններից:

«Հարց՝ այդ գումարը որտեղի՞ց, այդքան տուրիստական ավտոբուսներ վարձելու համար որտեղի՞ց այդքան գումար, ՔՊ-ն այդքան մեծ գումարներ ունի՞: Իշխանություններն ու նրա կողմնակիցները սիրում են, չէ՞, ընդդիմությանը մեղադրել՝ եթե ձեզ մոտ վրաններ կան, ինչո՞ւ այդ վրանները սահմանին չեն, հիմա հարց Ալեն Սիմոնյանին և մյուս իմքայլականներին՝ եթե ձեզ մոտ այդքան գումար կա, որ դուք կարող եք ծախսել հանրահավաք կազմակերպելու համար, ապա ինչո՞ւ այդ գումարը չեք ուղղում սոցիալական օգնություն տրամադրելուն՝ ձեր ղեկավարման արդյունքում տուժած արցախահայերին կամ Սյունիքի բնակիչներին:

Երկրորդ՝ եթե այդ կազմակերպչական աշխատանքների մեջ ներգրավված է ամբողջ պետական համակարգը՝ սկսած նախարարություններից, վերջացրած մարզպետարաններով, քաղաքապետարաններով և գյուղապետարաններով, կներեք, դա վարչական ռեսուրս է: Այդ աշխատանքները տարվել են աշխատանքային ժամերի ընթացքում: Ես չեմ կարծում, որ պետական պաշտոնյաների կամ ՏԻՄ-երի ղեկավարների ֆունկցիաների մեջ մտնում է որևէ կուսակցության հանրահավաք կազմակերպելը»,- ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Անդրադառնալով «Իսկանդերի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որին բավականին կոշտ արձագանքեցին Ռուսաստանից, Հայկ Խալաթյանը հետևյալն ասաց.

«Ենթադրենք՝ այդ զինատեսակը վատն է, թեպետ ես այդպես չեմ կարծում, դու գիտես, որ այն Ռուսաստանի հպարտություններից մեկն է, դու գիտես՝ ինչպիսի քաղաքական հետևանքներ է ունենալու քո հայտարարությունը, ինչո՞ւ ես դու բարձրաձայնում այդ հարցը: Ես կարծում եմ, որ «Իսկանդերը» շատ լավ զինատեսակ է: Ռուսաստանը միայն Հայաստանին է այն վաճառել, նույնիսկ շուկայական գներով շատ ավելի հարուստ երկրներ առաջարկներ արել են, չի վաճառվել: 2016թ. «Իսկանդերը» վաճառվեց Հայաստանին, որպեսզի ուժերի խախտված բալանսը որոշակի չափով վերականգնվի: Հերիք չէ, որ «Իսկանդերը» պատերազմի ընթացքում չի օգտագործվում Ադրբեջանի ռազմական և ստրատեգիական ենթակառուցվածքների դեմ, վերջում էլ պատերազմից հետո Հայաստանի ղեկավարը ողջ աշխարհին հայտարարում է, թե ռուսական զենքը շատ վատն է, ու դուք ինչ է՝ սպասում եք, որ եթե հետագայում մեզ շատ լավ զինատեսակ պետք լինի, մենք դիմենք Ռուսաստանին, մեզ կտրամադրե՞ն այդ զինատեսակը»:

Քաղաքական մեկնաբանն ընդգծեց՝ պատերազմից հետո սա Նիկոլ Փաշինյանի արդեն որերորդ հայտարարությունն է, երբ նա փորձում է մեղքը բարդել ոչ միայն Հայաստանի նախկին իշխանությունների, բանակի վրա, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի վրա: Նա հիշեցրեց Հադրութի գյուղերի վերաբերյալ իշխանությունների մեղադրանքները Ռուսաստանին, Փաշինյանի այն հայտարարությունը, թե պատերազմը դադարեցնելու բոլոր սցենարներում Շուշին պետք է անցներ Ադրբեջանին, որը հերքվեց ոչ միայն ԱԳՆ խոսնակի կողմից, այլև Վլադիմիր Պուտինի, և այլն:

«Նույնիսկ բանակի, ԳՇ-ի վրա հարձակումը ես ընկալում եմ ոչ թե՝ ռազմական ղեկավարության հետ կապված կոնֆլիկտ, այլ հակառակը՝ բանակը վերջին հզոր կառույցն է Հայաստանում, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, ես նկատի ունեմ՝ ռազմական ղեկավարությունը, և որը կարող է խոչընդոտել Փաշինյանի ծրագրերին՝ կապված Արևմուտքի հետ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ մերձեցման հետ: Դրա համար, այս հարվածով նա ուզում է ոչ միայն ներսում բանակին մեղավոր կարգել, այլ նաև ոչնչացնել վերջին կառույցը, որը կարող է նրան խոչընդոտել, և որը կապված է Ռուսաստանի հետ»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը և Փաշինյանի կողմից դա ռազմական հեղաշրջման փորձ որակելուն, Հայկ Խալաթյանը նկատեց. «Միայն իր իշխանությունը պահպանելու համար նա պատրաստ է հայտարարել, որ ռազմական հեղաշրջում է, երբ բանակայինները որևէ քայլ չեն արել: Խոստովանեմ՝ անձամբ իմ կարծիքով՝ ցավոք, չեն արել որևէ քայլ: Եվ ոչ միայն իմ, այլ շատերի կարծիքով՝ պետք է ավելի կտրուկ գործողությունների գնալ և հեռացնել այս իշխանություններին: Էդմոն Մարուքյանը Փաշինյանի համար իդեալական տարբերակ էր առաջարկել՝ փոխզիջման, նույնիսկ դրան համաձայն չեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս