Պաշտոնանկություն ու դատարան. Փաշինյանի համար ուրիշ ճանապարհ չկա. Խոսրով Հարությունյան
Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում ևս մեկ անգամ հայտարարեց՝ մարտահրավեր է նետում ընդդիմադիրներին՝ հրավիրելով նրանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումների։ Փաշինյանի այդ հայտարարությունից առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, որ պատրաստ է Փաշինյանի հետ կնքել ցանկացած հուշագիր և չառաջադրվել որպես վարչապետի թեկնածու, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մտքից, ավելին՝ վերանշանակի Գասպարյանի օրերս աշխատանքից ազատված տեղակալին՝ Տիրան Խաչատրյանին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամությանը, նշեց, որ Փաշինյանի կազմակերպած երեկվա հանրահավաքը ևս մեկ անգամ վկայում է, որ վերջինիս իշխանությունը խարսխված է բացառապես ուժային կառույցների վրա։
«Սա խոսում է այն մասին, որ այսպիսի իշխանությունը լեգիտիմ համարվել չի կարող, որից էլ պարզ է դառնում, որ Փաշինյանի մասնակցությամբ որևէ ընտրություն կազմակերպելն անթույլատրելի է։ Այն մարդը, որը Մարտի 1-ի ժամանակ սպանվածների հարազատներին 30 միլիոն դրամ կաշառք է տվել, նրա հետ ընտության գնալ չի կարելի»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս իշխանությունը կառչած է ընդամենը փրփուրներից, ինչի վկայությունն է Փաշինյանի՝ երեկ արած արտահայտությունը, որով պնդում էր, թե չի հանձնվելու։
«Հիշո՞ւմ եք՝ պատերազմը երբ նոր էր սկսել, Ազգային ժողովում ասաց, թե՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Նա դա ասաց՝ ի սկզբանե իմանալով, որ մենք պարտվում ենք։ Հիմա, իմանալով, որ հանձնվելու է, ասում է՝ չենք հանձնվելու։ Փաշինյանը, ընդունելով, որ ինքն այլևս փոքրամասնություն է, իշխանությունը պահելու է ցանկացած գնով, իրավիճակը հասել է նրան, որ երկրի իշխանությունն իր ժողովրդի թշնամին է դարձել»,- ասաց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի պատրաստակամությանը՝ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու, Խոսրով Հարությունյանը հավելեց. «Երկիրը ծայրահեղ իրավիճակի բերածը հայտարարում է, որ ես առաջին պատասխանատուն եմ, բայց ոչ մեղավորը, սա ինֆանտիլ մեկի արած հայտարարություն է, որևէ մեկը՝ պետության ղեկավարի պաշտոնում, այսպիսի բան չէր կարող ասել, և այդ մարդը չի կարող հեռացվել որևէ այլ տարբերակով, բացի պաշտոնանկ անելը, որից հետո պետք է դատվի։
Եթե նույնիսկ ամենաթույլ ուժը շանս ունենա հաղթել Փաշինյանին, միևնույն է, այդ մարդու հետ ընտրության գնալ չի՛ կարելի։ Փաշինյանի հետ ընտրության գնալը նշանակում է՝ ներողամտություն և հանդուրժողականություն։ Փաշինյանը պետք է հեռանա՝ առանց ընտրությունների, կրկնում եմ՝ պաշտոնանկությամբ. նրա համար ուրիշ ճանապարհ չկա։ Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա ուսապարկերն իրավունք չունեն մասնակցելու քաղաքական պրոցեսներին»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ իրավիճակը կարող էր հանգուցալուծել, օրինակ, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն նրա վարքագիծը բացարձակապես անտրամաբանական է։
«Բոլոր իրավաբան գիտնականները ասում են՝ ահա փաստերը քրեական գործ հարուցելու համար, սակայն Դավթյանը մնում է անհողդողդ։
«Արթուր Դավթյանը չի գտնվում օրենքով իրեն տրված պատասխանատվության տիրույթում։ Արթուր Դավթյանը քրեական գործ հարուցելու համար այսօր էլ ունի բավարար հիմքեր, չի անում։ Արթուր Դավթյանը հլու-հպատակ ծառայում է»,- ասաց Հարությունյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում