Մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ մենք չունենք «վնգստացող դատավորներ». ԲԴԽ նախագահ
Այսօր ԱԺ-ի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն էր: ԱԺ-ում ներկա Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանին պատգամավորները հղեցին նաև դատական համակարգին առնչվող այլ հարցեր:
Իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանին, օրինակ, հետաքրքրում էր թե ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նոյեմբերի 15-ի իր ուղերձում ինչո՞ւ չի սահմանափակվել մասնագիտական իրավական բառապաշարով և հղում է տվել վարչապետի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդու խոսքին. ասել է թե՝ «հին հաշիվներ»-ն էր հիշել:
Հիշեցնենք՝ այդ ուղերձում մասնավորապես ասվում էր.
«Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունե՞նք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե՞ ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:
Ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ բազմիցս պատասխանել է այդ հարցին. «Կարծում եմ, որ այդ օրերին, երբ կրքերը բորբոքված էին, ես պարտավոր էի դատավորներին նման կոչով դիմել, որպեսզի որևէ կերպ դատարանները չքաղաքականան, և սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են։ Ես կարծում եմ, որ իմ կոչը և՛ տեղին էր, և՛ իր արդյունքին հասել է, որովհետև, իմ անձնական կարծիքով, այսօր, քան երբեք, դատարաններն աշխատում են առավել անկախ»:
Ինչ վերաբերում է քաղաքական բառապաշարից օգտվելուն՝ ԲԴԽ նախագահը պարզաբանեց.
«Ինչո՞ւ օգտվեցի այն բառապաշարից, որը հարիր չէր, ըստ ձեզ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահին։ Այո՛, օգտագործել եմ այդ բառակապակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարի ու կես ամբողջ դատական համակարգն ալեկոծված էր այդ հարցադրումով՝ ունե՞նք, թե՞ չունենք վնգստացող դատավորներ։
Ինձ բազմաթիվ դատավորներ նույն հարցը տվել են։ Եվ ես կարծում եմ, որ այդ հարցին մեկընդմիշտ պատասխան պետք է տրվի։ Այսօր էլ է այդ հարցը օրհասական, և մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ մենք չունենք «վնգստացող դատավորներ»: Եվ ամենը պետք է անել, որպեսզի այդ հարցը օրակարգից դուրս գա»։