
«Եթե վարչապետը շարունակի պնդել, և այդ անձինք դուրս գան աշխատանքից, մեր բանակը կգլխատվի». Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ առաջին իսկ օրվանից ասել են, որ պահանջում են գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ ներկայիս խորհրդարանն ունակ չէ արձագանքելու այսօրվա քաղաքական իրադարձություններին:
«Հիմա ուզում եմ հասկանալ, թե էլ ինչ է պետք գրել հուշագրում, որպեսզի «Իմ քայլը» խմբակցությունը գնա այդ քայլին, և վարչապետը հրաժարական տա, որպեսզի խորհրդարանը ցրվի: Միայն ասել՝ հուշագիր ստորագրել, բավարար չէ, անհրաժեշտ է իմանալ՝ ինչ է դրա բովանդակությունը; Եթե այնտեղ պետք է գրվի, որ մենք համաձայն ենք, որպեսզի այդ ԱԺ-ն լուծարվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Սիմոնյանը:
Ըստ նրա, առաջնահերթ խնդիրն այն է, որ ԱԺ-ն լուծարվի:
«ԳՇ պետին ու 40 սպաներին աշխատանքից ազատելու գործընթացը մեր պետության հիմքերը խարխլող գործընթաց էր, եթե վարչապետը շարունակի պնդել, և այդ անձինք դուրս գան աշխատանքից, մեր բանակը կգլխատվի: Սա թույլ տալ չի կարելի, սրա հետ կապված իրավական գործընթաց կա, հուսամ՝ ՀՀ նախագահն էլ կդիմի Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն իր որոշումը տա: Ինչ վերաբերում է ԱԺ-ի լուծարմանը, ապա մենք բոլոր պարագաներում պատրաստ ենք գնալու դրան»,- շեշտեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ իրենից ու խմբակցությունից կախված ամեն ինչ պատրաստ են անելու, որպեսզի ներկայիս ԱԺ-ն լուծարվի, և անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Այնպիսի խորը հակասություններ կան բանակի սպայական կազմի ու գործող իշխանության միջև, որ նրանք անհաղթահարելի են համարում սա, նրանք առկա մարտահրավերին չեն կարող արձագանքել, մեկը պետք է ողջախոհություն ունենա: Եթե մարդն իր անձնական կամակատարությունների պատճառով պատրաստ է պետականություն վարի տա, կներեք, ես այդ մարդուն բարոյապես չեմ հասկանում»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը