
ԱՄՆ-ն առաջարկել է Աֆղանստանի իշխանությունների և թալիբների միջև անցկացնել բարձր մակարդակի հանդիպում

Միացյալ Նահանգներն առաջարկել են Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ անցկացնել ավելի բարձր մակարդակի հանդիպում, քան Դոհայի միջաֆղանական բանակցությունների մակարդակը: Այդ մասին Քաբուլում հայտարարել է Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի ատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը։
Ինչպես մարտի 2-ին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի, «Խալիլզադը հանդես է եկել Աֆղանստանի իշխանությունների եւ թալիբների միջեւ ավելի բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու առաջարկությամբ»: Բացի դրանից, ալիքի աղբյուրի տեղակատվությամբ, ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հայտնել է Աֆղանստանում հաշտության գործընթացի շուրջը տարածաշրջանային խորհրդաժողով անցկացնելու գաղափար: Խալիլզադը, նշել է աղբյուրը, Քաբուլում Աֆղանստանի ղեկավարության հետ քննարկել է «Վաշինգտոնի եւ «Թալիբանի» միջեւ (Դոհայում ձեռք բերված) համաձայնության մի շարք դրույթների վերանայումը, ներառյալ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետները»: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը չի պատրաստվում դուրս գալու թալիբների հետ համաձայնագրից, բայց «մտադիր է ուղղումներ մտցնել դրա մեջ»:
Խալիլզադը Քաբուլ է ժամանել ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին այցով: Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ծանուցել է, որ Քաբուլից հետո Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչը կայցելի Դոհա, որտեղ կհանդիպի թալիբների ներկայացուցիչների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: