«Եթե գանք համաձայնության, այս տարի հնարավոր է կազմակերպենք արտահերթ ընտրություններ». Մարուքյանը և Փաշինյանը կհանդիպեն
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերահաստատում է իր դիրքորոշումը, ընդգծելով, որ իշխանությանն արել է առաջարկ, որը պետք է քննարկվի:
«Դուք մտածում եք, որ գնալու եմ ու իմ խոսքից հետ կանգնեմ, առանց նախապայմանների, նշանակում է՝ առանց հուշագրի, թող Փաշինյանը հրաժարական տա, ցրի խորհրդարանը: Հուշագիր ստորագրելն արդեն նախապայման է, հիմա եթե առանց հուշագրի չի ուզում, որովհետև չի վստահում իր պատգամավորներին, ուրեմն մեզ հետ խոսելու բան կա: Մեր նախապայմանը բանակին դադար տալն է, որ ցնցումների մեջ չընկնենք բանակի հետ հակադրության մեջ մտնելու պայմաններում և մենք քաղաքական գործիչներով գնանք ընտրությունների»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանն իշխանությանն առաջարկել էր ՀՀ նախագահի աշխատակազմից հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, դրա փոխարեն՝ ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ, եթե լինելու է կոնսենսուս, ապա բոլորի միջև պետք է լինի:
«Ես ձեզ իրազեկում եմ, որ այս հարցերի շուրջ մենք բանակցելու ենք: Այս երկիրն առանց ընտրությունների չի հանդարտվելու: Սակայն մինչ ընտրությունները կան ծառացած խնդիրներ, օրինակ, գործադիր իշխանություն և բանակ հակադրությունը, այս խնդիրները պետք է լուծվի՞, նոր գնանք ընտրությունների, սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն: Եթե գանք համաձայնության, այս տարի հնարավոր է՝ կազմակերպենք արտահերթ ընտրություններ, ավելին՝ ես դեմ եմ ընտրություններն օրերով հետ գցելուն, կողմ եմ, որ ընտրությունները հենց հիմա անցկացնեն: Ես վարչապետին ասում եմ՝ հակադրվելով բանակի հետ՝ լարում ես ներքաղաքական իրավիճակը»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է իրեն և առաջարկել հանդիպել ու քննարկել իր առաջարկը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում