«Իմ կամքով եմ գնացել՝ թույլ տվեք ես որոշեմ՝ իմ ժամանակի որ մասը ինչին կարող եմ ծառայեցնել». ՊԵԿ նախագահը՝ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ սեփական ցանկությամբ է գնացել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Նա վստահեցրեց, որ ՊԵԿ-ում ինքը որևէ մեկին չի հանձնարարել մասնակցելու հանրահավաքին, բոլորն իրենց ընտրության մեջ ազատ են եղել:

Հարցին՝ համաձայն չէ՞ Գլխավոր շտաբի հայտարարության հետ, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Իհարկե համաձայն չեմ, ի՞նչ հիմնավորմամբ պետք է համաձայն լինեմ, ես նրանց հայտնած դիրքորոշումները չեմ պաշտպանում»:

Հարցին՝ եթե հանրահավաքին չմասնակցեր, իր համար խնդիրնե՞ր էին առաջանալու, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ ոչ. «Ի՞նչ նկատի ունեք՝ խնդիրներ ասելով, ինչպե՞ս եք կարծում՝ ինչ-որ մեկն ինձ հանձնարարե՞լ է ներկա գտնվել այդ հավաքին՝ ոչ: Ես իմ կամքով եմ գնացել»,- շեշտեց Է. Հովհաննիսյանը:

168.am-ի հարցին՝ ՊԵԿ-ում որևէ խնդիր չկա՞, որ հանրահավաքի գնալու փոխարեն՝  այդ խնդիրները լուծի, այդքան շատ ազատ ժամանակ ունի՞, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Թույլ տվեք ես որոշեմ՝ իմ ժամանակը որքան է ազատ, որքան՝ զբաղված, և իմ ժամանակի որ մասը ինչին կարող եմ ծառայեցնել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս