
«Մենք բանակում մարդկանց խնդիր չենք ունեցել, մենք ունեցել ենք կռվելու խնդիր». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Բաղրամյան պողոտայում արված հայտարարությանը:
Ըստ Ա. Սիմոնյանի, Սեյրան Օհանյանը պետք է վաղուց տարբերություն տեսներ միտինգավորի ու բանակ գնացողի միջև:
«Մենք բանակում մարդկանց խնդիր չենք ունեցել, մենք ունեցել ենք կռվելու խնդիր, և այն տեխնոլոգիաները, որոնք մեր դեմ կիրառվել են, անհավասար երկրների հետ մարտնչելու խնդիր է: Սեյրան Օհանյանը և որևիցե մեկը, իմ դիտարկումներով՝ զերծ չեն եղել հնարավորություններից որևիցե լուծում տալու: Սեյրան Օհանյանի և մեկ ուրիշին չի խոչընդոտվել ռեալ առաջարկներ անելու ու իրականացնելու դեպքում»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ Սեյրան Օհանյանը Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում փոխանցել է ծրագիր, ըստ որի՝ պետք է առաջնորդվեին, սակայն այն մերժել են, ինչո՞ւ են մերժել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ հարցն ուղղեն զինվորականներին:
Ինչ վերաբերում է կիսանախագահական համակարգին անցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այն իրավիճակները, որին հաճախ առերեսվում են՝ խորհրդարանական կառավարման ձևի հետ կապված, ի ցույց է դնում՝ տարածաշրջանում, ինչպես նաև այն միություններում, որին Հայաստանն անդամակցում է, որոնք հիմնականում «նախագահների ակումբ» է, շատ ավելի արդյունավետ կարող է լինել կիսանախագահական տարբերակը:
«Ժամանակը ցույց է տվել, որ այս կառավարման համակարգը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Աշխարհում իդեալական կառավարման ձև գոյություն չունի, հիմա վարչապետը օրակարգ է բերել մի հարց, որը պետք է քննարկվի: Օրինակ, ՀՀ ղեկավարի դեպքում կա մի իրավիճակ, երբ որևէ մեկին պաշտոնից ազատելու դեպքում նման իրավիճակ է առաջանում: Այդուհանդերձ, սա դիսկուրս է, որը բացվել է, տեսնենք՝ ինչ արձագանք կունենա»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը: