Փաշինյանը երեկ փարթի էր կազմակերպել, դա Ալիևի պարադի շարունակությունն էր. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքն իր հերթական պարտությունն էր, նրա իշխանության տապալումը, որովհետև երեկ «քերելով»՝ կարողացել էր հրապարակում հավաքել 20-22 հազար մարդ, ապա հանրահավաքը վերածել էր «փարթիի»:

«Այլ ձևակերպում այդ «վուվուզել»-ներով, «դըմ-դըմփ-հու»-ներով, ծափերով, ծափողջույններով գոռում-գոչյուններին, քան շոու, քան փարթի, հնարավոր չէր որևէ այլ գնահատական տալ: Նիկոլ Փաշինյանը, ով իր լրագրողական և պատգամավորական գործունեության ընթացքում ԱԺ ամբիոնը և իր թերթը մշտապես իրավացիորեն օգտագործել է իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման համար, ով հայտարարում էր, որ հանրապետական բանդաները զավթել են բուհերը, երեկ արեց աննախադեպ…, այդպիսի վարչական ռեսուրսի կիրառում Հայաստանի անկախության պատմության մեջ չի եղել:

Եվ երբ «Իմ քայլը» լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարում է, որ այն, ինչի դեմ մենք ըստ էության պայքարում էինք՝ վարչական ռեսուրսի կիրառման, սա արվեց ամենանողկալի, ամենասարսափելի ձևով: Այո, տիկին Հովսեփյան, այն, ինչի դեմ դուք պայքարում էիք, այն, ինչը վերացնելու համար դուք եկաք իշխանության, հիմա «դուք» ասելով՝ նկատի ունեմ այլևս Ձեր նախկին թիմին, այն, ինչի դեմ պայքարում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա ինքն անում է դա հարյուրապատիկ այլասերված ձևերով:

Բայց ամենազարհուրելին այն էր, որ այդ հավաքից հետո սկսվեց այդ ցնծության, այդ «դըմփ-դըմփ-հու»-ի, այդ «ուռա»-ների փարթին, այդ «կեցցեն մեր զոհերը» փարթին: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, ես համարում եմ անարգում Արցախի հասցեին, ես համարում եմ անարգում զոհված 5000 և ավելի մեր պայծառ տղաների հասցեին, ես համարում եմ անարգում այս պահին գերության մեջ գտնվող տղաների հասցեին: Որևէ բացատրություն չկա այդ «դըմփ-դըմփ-հու»-ի, որևէ բացատրություն չկա այդ ցնծությանը:

Գիտեք, տպավորություն էր, որ մենք ներկա ենք, հիշո՞ւմ եք կապիտուլյացիայից հետո, երբ Ալիևը կազմակերպեց հաղթական պարադ Բաքվում, երեկ մենք ականատեսն էինք Ալիևի հաղթական պարադի հայաստանյան գրասենյակի… »,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ երեկվա հանրահավաք-երթով Փաշինյանն ու իր աջակիցները փորձում էին ուժ ցույց տալ, բայց հերթական անգամ ցույց տվեցին իրենց թուլությունը, իրենց անզորությունը: Զոհրաբյանի փոխանցմամբ՝ վարչական ռեսուրսի կիրառման բազում օրինակներ են իրեն հայտնի դարձել, ասաց, թե բազմաթիվ նամակներ է ստացել, որ Լոռիում, Սյունիքի մարզպետարանում, Գյումրիի, Երևանի դպրոցներում ու հիվանդանոցներում բոլորին բռնի ուժով, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով պարտադրել են մասնակցել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Ալիևի պարադի շարունակությանը»:

Ըստ Զոհրաբյանի՝ Ստեփանավանի ամենաանբարեխիղճ թաղամասերում ապրող մարդիկ են զանգել իրեն, տեղեկացրել, թե նրանց առաջարկվել է կա՛մ վճարել խանութի «նիսյայի տետրում» իրենց պարտքը, կա՛մ նորից նիսյայով հաց գնելու համար գնալ ու մասնակցել Փաշինյանի հանրահավաքին:

«Հայաստանում այլևս անմեղ մոլորյալներ չկան: Հայաստանում, իմ վստահ համոզմամբ, այլևս չկան Նիկոլի կողմից պատանդառված պատգամավորներ, որովհետև իրենք երեկ բոլորը մասնակցեցին մի ցնծության երթի, որն իր ցինիզմով, որը ես որակավորում եմ՝ որպես ոտքերով Եռաբլուրը տրորել»,- ասաց Զոհրաբյանը:

Խոսելով Հանրապետության հրապարակում Փաշինյանի երեկ հնչեցրած այն հայտարարության մասին, թե հոկտեմբերին պետք է ընդունել նոր Սահմանադրություն ու անցնել կիսանախագահական համակարգին, ԱԺ պատգամավորը նշեց.

«Նույն Նիկոլ Փաշինյանը, որը կիսանախագահական համակարգը համարում էր ձախողված համակարգ և գտնում էր, որ 21 դարում առավել ճկուն է, առավել կենսունակ է և առավել ժողովրդավար է խորհրդարանական համակարգը, հիմա փորձում է տարատեսակ մանիպուլյացիաներով պահել իր իշխանությունը: Ցանկացած միջոցառում, կլինի հանրաքվե, կլինի ընտրություն, որն անցկացնելու է Նիկոլ Փաշինյանը, իմացեք, որ դա ի վերուստ լինելու է կեղծված:

Միայն այն, ինչ կազմակերպեց Նիկոլը այս երկու օրերի ընթացքում՝ բռնի ուժով բերման ենթարկելով, վախեցնելով, նաև մամուլում տեղեկատվություն եղավ, որ կաշառելով մարդկանց, բերման ենթարկելով երեկ իր կազմակերպած Ալիև փարթի-շոուին, դա վկայում է մեկ բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը ի զորու չէ անցկացնել ո՛չ անկախ և ազատ հանրաքվե, ո՛չ անկախ և ազատ ընտրություն:

Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, որպեսզի Հայաստանը կարողանա անցկացնել ազատ և արդար ընտրություն, հետո արդեն կլինե՞ն Սահմանադրական փոփոխություններ, թե՞ չեն լինի, դա արդեն կորոշի ժողովուրդը՝ նոր իշխանության հետ միասին»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, թե հանրահավաքին մարդկանց կաշառելով բերելու դեպքերի մասին իր ունեցած հրապարակումները պատրաստվում է ուղարկել դատախազություն:

Տեսանյութեր

Լրահոս