Բաժիններ՝

41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու, ինչպես նաև բնակարան ստանալու համար միջնորդավճարներ վճարելու պատրվակներով Կոտայքի մարզի երկու բնակչուհուց խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերին ծանոթանալով Հրազդան քաղաքի բնակչուհու հետ, իմանալով, որ վերջինիս որդին, լինելով զինծառայող, մասնակցել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողություններին, իսկ հոկտեմբերի 1-ից հետո դադարել է կապը նրա և հարազատների միջև, ուրիշի գույքին տիրանալու նպատակով, ձեռք բերելով Հրազդանի բնակչուհու վստահությունը, վերջինիս հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի և զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով: Իմանալով, որ վերջին անգամ զինծառայողին տեսել են մարտի դաշտում՝ վիրավորված, խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020թ. նոյեմբերի վերջերին, իրականությունը խեղաթյուրելով՝ 41-ամյա տղամարդը զինծառայողի մորը հայտնել է, թե նրա որդին վիրավորվել է և հայտնվել գերության մեջ: Որդու բուժման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում 41-ամյա տղամարդը խաբեությամբ, մաս-մաս պահանջել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 1․271․000 ՀՀ դրամ, որը Հրազդանի բնակչուհին փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարին, իսկ վերջինս կանխիկացման եղանակով հափշտակել է այն։

Այդ ժամանակահատվածում՝ 2020թ. դեկտեմբերին, Հրազդանի բնակչուհուն հայտնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ Երևան քաղաքում բնակարան ստանալու վերաբերյալ, 41-ամյա տղամարդը, միջնորդավճարներ վճարելու համար, պահանջել է գումարներ՝ հետ վերադարձնելու կեղծ խոստումով: Արդյունքում՝ Հրազդանի բնակչուհին նրան է հանձնել ընդհանուր՝ շուրջ 70.000 ՀՀ դրամ, իսկ վերջինս, չարաշահելով ձեռք բերված վստահությունը, հափշտակել է այն:

Բացի այդ 2019թ. հոկտեմբերին 41-ամյա տղամարդը «օդնոկլասնիկ» էլեկտրոնային կայքէջով ծանոթացել և մտերմություն է հաստատել Չարենցավան քաղաքի 45-ամյա բնակչուհու հետ, որին ամուսնանալու սուտ խոստումներ է տվել: Տղամարդը, խարդախությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, խեղաթյուրելով իրականությունը, 45-ամյա կնոջից թաքցրել է ամուսնացած լինելու և անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը, հայտնել է, թե իբր ծառայում է ՀՀ զինված ուժերում և Երևան քաղաքում պետք է բնակարան ստանա: Այդ նպատակով միջնորդավճարներ վճարելու, ինչպես նաև բնակարանի ստացման համար ծագած վիճաբանության ժամանակ առաջացած խնդիրները լուծելու և հետագայում համատեղ կյանքով ապրելու պատրվակով, 41-ամյա տղամարդը, հետ վերադարձնելու կեղծ խոստումով, Չարենցավանի բնակչուհուց մաս-մաս պահանջել է գումարներ, որի արդյունքում կինը նրան է հանձնել խոշոր չափերի, ընդհանուր՝ 735․000 ՀՀ դրամ գումար, իսկ վերջինս, չարաշահելով ձեռք բերված վստահությունը, հափշտակել է այն։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս