Ինչքան ամուր մենք այստեղ կանգնած լինենք, այնքան ամուր կլինեն նախագահն ու բանակը. Վազգեն Մանուկյան

«Այսօր բեկումնալի օր է»,- «Ազգ, բանակ, հաղթանակ» խորագրով հանրահավաքին իր ելույթն այս խոսքերով սկսեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ այսօր Բաղրամյան պողոտայում հավաքվածներն ապացուցել են, որ նոյեմբերի 9-ից հետո հայերն արդեն վերականգնվում են, բանակն արդեն վերականգնվում է:

«Այս պայքարը… ոչ թե մենք վատ ղեկավարին ուզում ենք փոխարինել լավ ղեկավարով, ո՛չ, մենք վատ ղեկավար չունենք: Մեր երկիրը նվաճել են թշնամիները: Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ինքս ինձ համար գրառում արեցի: Իմ համար ամենամեծ ոգևորիչ ուժը Չարենցի «Երկիր Նաիրի»-ի նախաբանն է, որտեղ գրում է, որ «մեր ժողովրդի աչքերից բոցկլտում է Նաիրի երկրի գաղափարը, բայց երբեք չի իրականանում»: Գրեցի, որ արդեն վերջ, Նաիրի երկիր էլ չի իրականանալու, որովհետև նոր մի հսկայական ցնցում պիտի լինի, որից նորից հնարավոր լինի Նաիրի երկիրը վերակառուցել: Այդ ցնցումը, ցավոք սրտի, եղավ:

Եվ մենք պիտի հիմա ոչ միայն վերականգնենք նախկինը, այլ ավելի բարձր մակարդակի պիտի հասնենք: Մեր սխալներն էին, մեր վրիպումներն էին, մեր հանցագործություններն էին, որ բերեցին նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը: Եվ եթե մենք նույն ձևի շարունակենք, էլի թշնամիներ կգրավեն Հայաստանը»,- ասաց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, թե պիտի վերածնվենք նոր մակարդակով, նոր երազանքներով, մեծ սկզբունքների ու գաղափարների ձգտումով:

Մանուկյանը անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը, որը նա կրկին ուղարկել է նախագահի աշխատակազմ, և որին նախագահ Արմեն Սարգսյանը պետք է արձագանքի 3 օրվա ընթացքում:

«Ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից: Ինչքան ամուր մենք այստեղ կանգնած լինենք, այնքան ամուր կլինի նաև ինքը, այնքան ամուր կլինի նաև բանակը:

Հետո հարցը անցնելու է Սահմանադրական դատարան: Մենք պետք է կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձևով պաշտպանի մեր բանակի, մեր ժողովրդի, մեր ազգի շահերը: Դա նորից մեզանից է կախված: Հարգանքով վերաբերվելով բոլոր այդ կառույցներին, բայց եթե մեջքը դատարկ է, այդ կառույցները կարող է չդիմանան: Ուրեմն մենք պետք է ապահովենք դա»,- ասաց Վազգեն Մանուկյանը՝ շեշտելով, թե միայն այն դեպքում, երբ ամբողջ Հայաստանը ոտքի կանգնի, անխուսափելի կլինի Նիկոլ Փաշինյանի գնալը, ու դրանից հետո անհրաժեշտ կլինի վերանայել սխալները ու այլևս թույլ չտալ նման սխալներ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս