«Նիկոլը գոյություն չունի, և վերջ». Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը «Ազգ, բանակ, հաղթանակ» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Ազատության հրապարակում գերագույն գլխավոր խելագարը հայտարարել է, թե ներողություն է խնդրում Հայաստանի, Արցախի, սփյուռքի ժողովրդից՝ իր գործած բոլոր սխալների համար։

«Նիկոլ, ներողությունը շատ քիչ է, ներողությունով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու, Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու, դու պետք է հեռանաս, և վերջ»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ ընդդիմությունն այսօր Երևանում երթ չարեց այն պատճառով, որպեսզի չըտրվի սադրանքների, և հետևողական քայլերի արդյունքում՝ միասին հեռացնելու են գլխավոր դավաճանին։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ իրենց շարքերը գնալով համալրվում են, քանի որ մարդիկ գիտակցում են, որ երկիրը կործանման եզրին է, ուստի եկել ու կանգնել են պետության կողքին։

«Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է, սա մեր տունն է, խրամատը, հայ ժողովրդի պայքարի հրապարակը։ Եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք այն դեպքում, երբ այս դավաճանին հեռացնենք։ Սա այն խրամատն է, որը պետք է ամուր պահենք, այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը, Նիկոլը գոյություն չունի, և վերջ։ Չորեքշաբթի օրն ԱԺ շենքում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան, և ըստ օրենքի՝ վարչապետը պետք է ներկայանա խորհրդարան։ Այդ նույն ժամին այս հրապարակում հայտարարում ենք հանրահավաք՝ ժամը 16։00-ին։ Վաղը հանրահավաքը կրկին շարունակվելու է։ Այս խելագարը ՀՀ նախագահի ու բանակի վրա շարունակում է ճնշումները, մեր աջակցությունը ամենօրյա՝ շատ կարևոր է»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս