«Ա՛յ տղա, որ թավիշին վերջ տվեցիր, մեր 5000 զոհերը հետ եկա՞ն, Արցախի օկուպացված 75 տոկոսը վերականգնվե՞ց, անհայտ կորածները ու մեր գերիները հետ եկա՞ն». Ռուբեն Մխիթարյան

Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց՝ այսօր հավաքվել են, որպեսզի ասեն, որ ոչ ոք չի կարող հանդգնել ճնշում գործադրել հայոց բանակի փառապանծ գեներալիտետի վրա:

Ռուբեն Մխիթարյանը նաև խոսեց նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության մասին.

«4 ամիս բոլորիս համար ամեն օր նոյեմբերի 9 է. նոյեմբերի 9-ը շարունակվում է ամեն առավոտ, ամեն գիշեր, ու որպեսզի մենք կարողանանք շրջել այդ էջը, որպեսզի նոր օր բացվի հայոց աշխարհի վրա, մի բան է պետք՝ առանց Նիկոլ Հայաստա՛ն:

Մի քանի օր առաջ հրապարակում կազմակերպված իր «ծիգրովկա փարթիին» դավաճանը երեք անգամ գոռաց՝ վե՛րջ թավիշին: Ա՛յ մարդ, 4-5 օր անցել է, իբր թավիշը վերջացել է, ու ոչ մի բան չի փոխվել մեր երկրում: Ա՛յ տղա, որ թավիշին վերջ տվեցիր, մեր 5000 զոհերը հետ եկա՞ն, Արցախի օկուպացված 75 տոկոսը վերականգնվե՞ց, շուշեցիներն ու հադրութցիները գնացին իրենց տո՞ւն, անհայտ կորածները ու մեր գերիները հետ եկա՞ն: Ա՛յ տղա, Ալիև ախպերդ մի քանի օր առաջ ասեց, որ էլ գերի չունի մեզ տալու. բոլոր գերիներին հանձնել են. ծպտունդ չի՛ հելնում: Ա՛յ պաշտպանության նախարար, ա՛յ Անդրանիկ Քոչարյան, ա՛յ բլբուլներ, բա ինչի՞ եք լռվել, խոսե՛ք: Նիկո՛լ, դու դավաճան ես»:

Ռ. Մխիթարյանն անդրադարձավ նաև Հայաստանում գրանցված «Բոինգ» ինքնաթիռի առեղծվածային անհայտացման, ապա Իրանում հայտնվելու մասին տեղեկություններին. «Ա՛յ ստախոսների ու պիղծերի ոհմակ, ա՛յ տղա, «Բոինգը» ի՞նչ եղավ, ո՞նց հայտնվեց Պարսկաստանում, ա՛յ ոչ մի բաներ… դուք իշխանություն չունե՛ք»:

«Տեսե՛ք՝ մարդ, որը մեր ազգի պատմության մեջ նոր ողբերգական երկու օր դաջեց՝ Սեպտեմբերի 27 և Նոյեմբերի 9, հիմա այն հրապարակում խոսում է Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի մասին, մարդ, որը անձամբ սադրել ու կազմակերպել է Մարտի 1-ը, հիմա ամբողջ աշխարհին մեղադրում է Մարտի 1 կազմակերպելու մեջ: Մարդ, որը բացահայտ ուրախանում էր Հոկտեմբերի 27-ին, երբ գլխատվեց հայոց պետականությունը, հիմա իր շուրջը հավաքել է Հոկտեմբերի 27-ին պաշտոն ու կոչում մուրացողներին ու շարունակում է շահարկել Վազգենի, Կարենի ու մյուս նահատակաների մահը: Տո գետի՛նը մտնես, դու Վազգենին երկրորդ անգամ սպանեցիր, երբ Շուշին նվիրեցիր թուրք ախպեր Ալիևիդ: Այսօր էլ քեզ թվում է, որ դու կարող ես հայոց բանակին, հայոց գեներալիտետին ու հայ ազգին ֆռռցնե՞լ. այստեղ ժողովուրդ հավաքված չէ, այստեղ հավաքվածը ա՛զգն է. ազգի սերո՛ւցքն է. ազգ, բանակ, հաղթանակ,- իր ելույթում ասաց Ռուբեն Մխիթարյանը, ապա դիմեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին և ՀՀ Նախագահին,- Պարո՛ն Օնիկ Գասպարյան, հարգելի՛ պարոնայք սպաներ, դուք իմացեք, որ մենք ձեր կողքին ենք, հանկարծ չնահանջեք. ազգը ձեզ նահանջելու հրաման երբեք չի՛ տալու: Պարո՛ն նախագահ, պարո՛ն Արմեն Սարգսյան, ես Ձեզ սուր քննադատողներից մեկն եմ, բայց երեք օր առաջ Դուք ապացուցեցիք, որ Դուք հայ եք, հայ ղեկավար: Հուսով եմ՝ Դուք էլ չեք նահանջելու, որովհետև ձեզ համար էլ սա ճշմարտության պահն է»:

«Երեք տարի առաջ թուրքերը մեզ բաժանեցին սևերի ու սպիտակների, այո՛, թուրքերը, որովհետև ոչ մի հայ չի կարող իր ազգին բաժանել սևի ու սպիտակի, որովհետև հայը, Հայաստանը եռագույն է, ու այս խոսքերս Հայաստանինն են՝

Դու անկախ ես, պարզ ու շիտակ, գենն է քո ազնվագույն,

Դու ոչ սև ես, ոչ էլ սպիտակ. դու իմ սի՛րտն ես եռագույն…»,- եզրափակեց գործիչը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս