Պետք է աշխատենք հոկտեմբերին ընդունել նոր Սահմանադրություն եւ կիսանախագահական համակարգին անցնելու տարբերակը պետք է լինի. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հանդես եկավ ելույթով, և, ի թիվս մի շարք հարցերի՝ անդրադարձավ նաև Սահմանադրության փոփոխությանը, արտահերթ ընտրություններին։
«Ի վերջո, պետք է խոստովանել, որ 2015թ․Սահմանադրությունը, որը ուժի մեջ մտավ 2018թ., այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ, և մենք այսօր էլ տեսնում ենք, որ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և մենք, ի վերջո, սա պետք է խոստովանենք։
Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պետք է աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն, կամ սահմանադրական փոփոխություններ, և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Եվ այս գործընթացը մենք պետք է իրականացնենք ԱԺ, կառավարության, հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նույն ֆորմատներով պետք է աշխատեն՝ լավարկելու այն հոդվածները, որոնց հնարավորությունը կա։
Փաշինյանը հայտարարեց նաև, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների: «Այսօր խորհրդարանական ուժերից մեկի ղեկավարը՝ Էդմոն Մարուքյանը, հայտարարել է, որ մենք դեռ այն ժամանակվանից արտահերթ ընտրությունների առաջարկը արել ենք ձևական, սպասել ենք, որ իրենք մերժեն։ Հիմա ուզում եմ այստեղից կրկին պաշտոնապես ասել, որ եթե խորհրդարանական ուժերը կընդունեն մեր դեռևս հունվարին ձևակերպած առաջարկը, մենք ամենևին ձև չենք արել։ Ասել ենք և մեր խոսքի տերն ենք։ Այդ առաջարկը խորհրդարանական ուժերի կողմից ընդունվելու՝ մենք կհամաձայնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև համոզված ենք՝ ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն։ Դուք ինձ հասցրել եք վարչապետի կարգավիճակին և դուք, միայն դուք կարող եք ինձ հեռացնել այդ կարգավիճակից: Եվ ես անկեղծ ուզում եմ, որ ժողովուրդն այդ հնարավորությունը ստանա քվեարկությամբ։ Ես այսօր ձեզնից ներողություն խնդրեցի ու ուզում եմ համոզված լինել, որ դուք ինձ ներում եք, մեզ ներում եք։ Ես մարտահրավեր եմ նետում խորհրդարանական ընդդիմությանը՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների, տեսնենք՝ ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը, տեսնենք՝ ինչ է պահանջում ժողովուրդը»: