«ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի պես Գլխավոր շտաբի պետ չի՛ կարող ունենալ». Փաշինյան
Այսօր փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ: Եվ ԶՈՒ ԳՇ հայտարարությունն այլ կերպ չեմ կարող գնահատել:
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ ԳՇ հայտարարությունը, այդ թվում՝ 2008-ի իշխող շրջանակների կողմից՝ զինվորականների վրա ազդեցություն գործածելու արդյունք է: Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք: Այլոց շարքում, այդ թվում՝ Սերժ Սարգսյանն է ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով՝ նրանց փորձել դրդել դուրս գալ պետության և ժողովրդի դեմ: Բայց ես հիմա ուզում եմ ասել, որ ԶՈՒ ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է, որովհետև ՀՀ սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն: ԶՈՒ ԳՇ-ն որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում, և սրանով արդեն խախտել բոլոր կանոնները, խախտել ՀՀ սահմանադրությունը: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մի շատ կարևոր հանգամանքի մասին. 2018-ի հեղափոխության ժամանակ, երբ որ զինված ուժերի զինծառայողներ որոշակի քաղաքական ակտիվություն սկսեցին ցուցաբերել, մեր կուսակցությունը՝ ՔՊ-ն, 2018-ի ապրիլի 23-ին հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրերը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական կազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաների»»,- նշեց նա՝ հավելելով, թե հիշեցրել են, որ զինվորականությունը պիտի ապաքաղաքական լինի և չխառնվի երկրի ներքին կյանքին:
«Իսկ այսօր ձեզ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զինված ուժերին դրդել, տանկերը հանել սեփական ժողովրդի դեմ: Բայց դա տեղի չի ունենա, և ընդհակառակը՝ ԳՇ հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից: Եվ սա անխուսափելի է, որովհետև այն ԳՇ պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, էդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի, նախորդ իշխանությունների և հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008-ի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն նման ԳՇ պետ չի կարող ունենալ: Բայց մյուս կողմից, այս հանգամանքը, ամենևին, զինված ուժերում վենդետաների հիմք պետք է չտա: Այս պահի դրությամբ զինված ուժերը, Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն խախտել, և ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն էլ հատի: Բայց կրկնում եմ՝ անխուսափելիորեն Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա ԳՇ պետի պաշտոնից»,- շարունակեց Փաշինյանը՝ կրկնելով, որ ԶՈՒ-ում վենդետաներ չեն լինելու:
«Կապ չունի՝ այդ թուղթն ովքեր են ստորագրել։ Որոշումը նման թուղթ սեղանին դնելու և այդ ստորագրությունների պրոցեսը սկսելու կայացրել է Օնիկ Գասպարյանը` Սերժ Սարգսյանի դրդմամբ, ես չեմ ուզում ասել՝ հրամանով: Երբ որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանությունն է: Թուղթը, որը դրվել է սեղանին գեներալների ստորագրության համար, և առնվազն առաջարկն այլ գեներալների արել է Օնիկ Գասպարյանը, ստորագրելուց հետո այդ թուղթը հրապարակելու որոշումը նույնպես կայացրել է Օնիկ Գասպարյանը: Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները` վերադառնան իրենց ծառայությանը»,- շեշտեց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ ՀՀ նախագահն ի վերջո կստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը, ինչի մասին նա Արմեն Սարգսյանին միջնորդել է ՀՀ Անվտանգության խորհրդի այսօր կայացած նիստի արդյունքում, ու ինչ խնդրանքով նրան դիմել է անձամբ վարչապետը`այցելելով վատառողջ նախագահին։
Փաշինյանը հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը կկայացնի այն որոշումը, որը բխում է ՀՀ ժողովրդի, պետության կայունության շահերից:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում