Պետք է արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ՝ բացահայտված է․Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում մեկնարկեց իշխանության կողմից հրավիրված հանրահավաքը։

Մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի մեր զոհերի հիշատակը, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով։

«Մենք շատ դժվար ժամանակներով ենք անցնում և մտահոգվելու, անհանգստանալու բազմաթիվ պատճառներ ունենք, բայց ես ուզում եմ, որ մենք այսօր, այս հրապարակում, այս գարնան առաջին օրը լիցքավորենք դուխով, էներգիայով, լավատեսությամբ։ Ես գիտեմ, ամենատարբեր տեղերից սկսել են և կսկսվեն շահարկումներ, թե այս հրապարակում, այսպես ասած՝ բերված մարդիկ են, և այլն։ Այդ փաստին անդրադառնալու, պատասխանելու մեկ ձև կա՝ հրապարակի հավաքականությունը։

Մենք այսօր՝ գարնան առաջին օրը, պետք է ցույց տանք, որ ինչպես եղել ենք,  այնպես էլ կանք, կլինենք միասին՝ որպես ՀՀ հպարտ, հաղթական, լավատես, դուխով քաղաքացիներ։ Արդեն 13 տարի Մարտի 1-ին Հայաստանում հանրային միջոցառումներ են տեղի ունենում՝ 10 զոհերի հիշատակը հարգելու նպատակով, սակայն 2021թ․մարտի 1-ը դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, մեր բազմաթիվ եղբայրների և քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, զինված ուժերը և դատական համակարգը, քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ։ Այդ մարտահրավերներն ունեն անվտանգային, արտաքին քաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական բնույթ։

Եվ այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր երկրի և ժողովրդի ապագան։ Հիմա արդեն հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով,- Անկախության 30 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, որ հնարավոր էր տեսականորեն։ Վերջին 2 տարի 10 ամսում նույնպես մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները։ Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է, և ես ուզում եմ ձեզնից բոլորից՝ ՀՀ բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար։

Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել, այդպիսի կոնկրետ դեպքեր, իհարկե, կարելի է թվարկել, բայց ավելի կարևոր է, թե ինչու է սխալվել մեր կառավարությունը, քաղաքական թիմը։ Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն։ Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը և մեր սերը՝ ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ, ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ, և կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության։

Երբեմն իրադրության բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի և վատթարագույնի միջև, բայց հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը՝ մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության չի բերել, որ մենք իր առջև դնենք վատը կամ վատթարագույնը։

Ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձևավորենք լավի ու լավագույնի միջև, ու մինչ մենք ջանքեր ենք գործադրել՝ ստեղծել ընտրություն լավի ու լավագույնի միջև, պարզվել է, որ վատի և վատագույնի ներկայությունն այնքան խորն է արմատացած, որ ընտրությունը անբեկանելի է, անշրջելի, և լավագույն ընտրությունը պետք է լիներ վատի ընտրությունը։

Այնուամենայնիվ, սխալներ, դժբախտաբար, գործել է ոչ միայն մեր իշխանությունը ու որպես ՀՀ վարչապետ, որպես երկրի ղեկավար, ուզում եմ մեր ժողովրդից ներողություն խնդրել Երրորդ Հանրապետության բոլոր իշխանությունների բոլոր սխալների համար։ Բայց սա չեմ ուզում հնչի՝ որպես ափսոսանք, այլ՝ որպես նշան հաստատակամության, որ մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, երբեք չենք հանձնվի, հանուն ազատ և երջանիկ Հայաստանի մղվող մեր պայքարում կունենանք այնքան կամք ու հաստատակամություն, սեր ու վճռականություն, որ հետևողականորեն կաշխատենք, հետևություններ կանենք Անկախությունից ի վեր մեր կատարած բոլոր սխալներից։

Ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր երկիր ունենալու մեր ջանքերը, այլև առավելը կանենք՝ այդ ջանքերն արդյունավետ դարձնելու համար։ Բայց նաև կարևոր է, որ երկրի այս բարդ իրավիճակով պայմանավորված՝ մենք կամք ունենանք պահպանելու, պաշտպանելու այն բոլոր արժեքները և նվաճումները, որոնք ունեցել ենք անկախությունից ի վեր։

Մենք ասում ենք, որ գործել ենք մեծ ու փոքր բազմաթիվ սխալներ, բայց սա չի նշանակում, թե նվաճումներ չենք ունեցել։ Մեր մեծագույն խոստումը պետք է լինի դրանք պահպանելը։ Այդ կարևոր նվաճումներից մեկը, որ մենք ունենք, ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու իրավունքը, և այն բոլոր ճգնաժամերը, որ մենք ունենք, պետք է լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ ընդհակառակը, ժողովրդի իշխանության վերահաստատմամբ։ ՀՀ-ում միայն ժողովուրդը պետք է որոշի՝ ով լինի իշխանություն, ով՝ ոչ։

Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է։ Ժողովրդի իշխանությունը իր ձեռքից ուզում են խլել, և մենք հրապարակում հավաքվել ենք՝ ասելու, որ դա թույլ չենք տալու։ Թույլ չենք տալու  10-ամյակների պայքարի ու զրկանքների արդյունքում ձեռք բերած այդ նվաճումը ոչնչացնել։ ՀՀ ժողովուրդը եղել և շարունակելու է մնալ բարձրագույն իշխանություն՝ ՀՀ-ում, կապ չունի՝ ով կլինի այստեղ կանգնած՝ որպես առաջնորդ՝ ժողովրդին դիմելիս։ Նա կարող է լինել մեկը, ում ժողովուրդը կընտրի իր ազատ, հպարտ, ինքնիշխան կամարտահայտությամբ։ Որևէ ուրիշ ճանապարհ՝ իշխանության հասնելու, քաղաքացին, կառավարությունը պարզապես թույլ չի տալու»։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Մարտի 1-ի գործի մասին․

«2008թ․Մարտի 1-ին այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ՝ ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առջև, ու այո, պետք է արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ՝ բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպե՞ս կարելի է  բացահայտված համարել Մարտի 1-ի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է։ Եվ դա, կարծում եմ, հանրությանն ակնհայտ կերևա գործի դատաքննության ընթացքում։ Այս հանգամանքները պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում պետք է ուսումնասիրվեն ու գնահատվեն դատարանի կողմից։

Այս համոզմունքն է պատճառը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցները Մարտի մեկի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են, որ դատավարությունն անընդհատ ձգձգվի՝ ունենալով մեկ նպատակ, որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, չբացահայտվեն, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ։ Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում, որովհետև ոմանք հույս ունեն՝ ինչպես նախկինում բռնազավթել են ժողովրդի իշխանությունը, հիմա էլ հույս ունեն, որ այդ բռնազավթմանը կհասնեն։ Բայց մեր ասելիքը կրկին շարունակում է  մնալ նույնը։

Մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն  է, որ 2008թ․ իշխանությունը բանակը հանել է սեփական ժողովրդի դեմ, օգտագործել է սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար, և այս համատեքստում տեղի են ունեցել սպանություններ։ Թիրախավորել են ՀՀ քաղաքացուն, որ մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ ՀՀ-ում։ Իսկ սպանություններ կատարողները մինչ օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ մարտի 1-ի  իրադարձություններից հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված պարկուճներով»։

Տեսանյութեր

Լրահոս