ՌԴ-ն հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության մասին համաձայնագրից. armeniasputnik.am
Ռուսաստանը հրաժարվել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
«Հայկական կողմին ծանուցել, որ ՌԴ–ն մտադիր է հրաժարվել համալսարանի գործունեության պայմանների մասին ՌԴ և ՀՀ կառավարությունների ստորագրած համաձայնագրից»,– գրված է փաստաթղթում։
Նշվում է, որ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի մայիսի 14-ին:
Հիշեցնենք` փետրվարի 8-ին ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության միջոցով փորձում է իրեն հեռացնել ռեկտորի պաշտոնից: Դարբինյանը նշել էր, որ վարչապետի թշնամանքի դրսևորման պատճառներից մեկը Փաշինյանի անթաքույց հակառուսական էությունն է։ Դրանից հետո համալսարանի ուսանողներն ու կոլեկտիվը ակցիա անցկացրին ի աջակցություն Դարբինյանի։ Այնուհետև ստուգումներ սկսվեցին բուհում։Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև երկկողմ համաձայնագրի հիման վրա։
Համալսարանը բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է և ունի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական բուհի կարգավիճակ:
Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից համալսարանն արտոնագրվել է 2000 թվականի հունիսի 27-ին և 2004 թվականի օգոստոսի 5-ին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից` 2004 թվականի մարտի 15-ին: 2005 թվականի ապրիլի 29-ին համալսարանը հավատարմագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության կողմից: 2010 թվականին համալսարանը ստացել է նոր արտոնագիր և հավատարմագիր, իսկ 2011 թվականին ստացել է անժամկետ արտոնագիր:
Համալսարանի հիմնադիրների իրավասություններն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունները: