«Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանն ընտրություններով կա՛մ չմտնի խորհրդարան, կա՛մ լինի փոքրաթիվ ընդդիմություն». Գորգիսյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իրենց խմբակցությունը պատրաստ է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ ցանկացած հուշագրի ստորագրման, պատրաստ է նաև չառաջադրվել վարչապետի պաշտոնում՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում, ինչից հետո խորհրդարանը կցրվի, և տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նշենք, որ ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հրաժարվում էր Փաշինյանի հետ որևէ հուշագրի ստորագրումից ու հստակ հայտարարում՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, իր խմբակցությունն իրեն անմիջապես կառաջադրի վարչապետի թեկնածու։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ հայտնել էր, որ, ինչպես «Իմ քայլը», այնպես էլ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում գտնվելու են պատգամավորներ, որոնք կողմ ենք քվեարկելու Էդմոն Մարուքյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար։

Էդմոն Մարուքյանի՝ այլևս  վարչապետի թեկնածու առաջադրվելու ցանկություն չունենալու և  Փաշինյանի իշխանության հետ ցանկացած հուշագրի ստորագրման գնալու պատրաստակամությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պայմանավորեց  երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությամբ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատգամավորն ասաց, որ նախկինում Գլխավոր շտաբ և իշխանություն  հակամարտություն երկրում չկար, հիմա՝ կա, ինչից բխում է, որ պետք է դիմել ստեղծված իրավիճակը հանգուցալուծող քայլերի, ինչպիսին, ըստ նրանց, այս փուլում խորհրդարանական ընտրությունն է։

«Մենք ասում ենք, որ դո՛ւ, պարոն վարչապետ, երկիրն այնքան ես լարել, որ այսօր արդեն այլ տարբերակ չկա։ Մեզ համար ամենակարևորը Հայաստանի անվտանգությունն է ու պետական շահը»,- ասաց Գորգիսյանը։

Հարցին՝ երբ համաձայնում են Փաշինյանի մասնակցությամբ խորհրդարանական ընտրությունների մասնակցել, արդյո՞ք չեն գնում Փաշինյանի թելադրած օրակարգով, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Հիմա ասեք այլ ճանապարհ իրավիճակը մեղմելու համար։ Ինչ վերաբերում է նրա օրակարգին, ապա Նիկոլ Փաշինյանը չի ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություն»,- ասաց Գորգիսյանը։

Հարցին՝ ինչպե՞ս չի ցանկանում, եթե անընդհատ ընդդիմությանը հրավիրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ կոնսուլտացիաների, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Ստում է»։

Այդ դեպքում՝ չունե՞ն մտավախություն, որ իրենց հետ հուշագրի ստորագրումից հետո էլ իրենց կստի, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, որ թեև քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, բայց եթե կա մեկ տոկոսանոց լուծում երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու համար, ապա իրենք պատրաստ են գնալ այդ լուծման։ Ինչպե՞ս է ստացվում, որ լուծման իրենց տարբերակը համընկնում է Փաշինյանի  տարբերակի հետ, այս հարցին էլ Գորգիսյանը պատասխանեց.

«Եթե դա երկրին ձեռնտու է, ապա մենք գնում ենք այդ քայլերին»,- ասաց  Գորգիսյանը։

Իսկ բացառվո՞ւմ է, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ իշխանությունը ընտրություններին կհասնի վերարտադրության, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Եթե Փաշինյանը ստիպված հանրահավաք  կազմակերպելու համար կիրառում է վարչական ռեսուրս, ապա նա տապալվել է, անգամ այդ ռեսուրսը կիրառելով՝ չի կարողանալու մնալ իշխանության։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը  հաջորդ ընտրություններին  չմտնի խորհրդարան, կամ լինի փոքրաթիվ ընդդիմություն»,- ասաց պատգամավորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս