«Ցանկացած կոմպրոմիսի պատրաստ եմ՝ ցրեք խորհրդարանը, գնանք արտահերթ ընտրությունների՝ ցանկացած հուշագիր կստորագրեմ». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը՝ նշեց, որ իր առաջարկությունը մասեր չունի, այն մեկ ամբողջական առաջարկություն է, որը կա՛մ ընդունվում է, կա՛մ չի ընդունվում։
«Իմ առաջարկի վերաբերյալ ես տեսել եմ, թե ով է արձագանքել, բայց պետք է սպասենք Նիկոլ Փաշինյանի արձագանքին, տեսնենք, թե նա ինչ է ասելու։ Սա Օնիկ Գասպարյանի հարցը չէ, երբ իրենք ասում են՝ Օ. Գասպարյանի հարցն է, մանիպուլյացնում են, քանի որ Զինված ուժերի ամբողջ հրամանատարական կազմն իրենց հետ չի կարողանում լեզու գտնել, որն էլ պատճառ է հանդիսացել նշված փաստաթղթի ստորագրմանը։ Այսինքն՝ ժողովրդին ներկայացնել, թե սա մեկ մարդու խնդիր է՝ իրականությանը չի համապատասխանում՝բանակի ամբողջ հրամկազմը ստորագրել է այդ փաստաթղթի տակ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իշխանությանն առաջարկել է ՀՀ նախագահի աշխատակազմից հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, դրա փոխարեն՝ ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։
Ինչի առնչությամբ էլ Լիլիթ Մակունցն ասել էր, որ այդ առաջարկը նույնիսկ քննարկելու չէ, քննարկելու է միայն առաջարկի երկրորդ հատվածը՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ։
Ըստ ԼՀԿ ղեկավարի, խնդիրն այնքան է սրված, որ, եթե նույնիկ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը ստորագրվի, դրանով խնդիրը չի կարգավորվում։ Հետևաբար՝ իր առաջարկն այն է, որ բանակին հանգիստ թողնեն, որպեսզի զբաղվի վերականգնման գործով, իսկ քաղաքական գործիչներով գնան արտահերթ ընտրությունների։
«Եթե այդ առաջարկը մտավ ուժի մեջ, հետևանքները շատ ծանր են լինելու։ Կրկնում եմ՝ իշխանությունները երբեք չեն ուզելու գնալ արտահերթ ընտրությունների, նրանք բոլոր ամբիոներով ներկայացնում են կեղծ տեղեկատվություն, նրանք արտահերթ ընտրություններ չեն ուզում անել, որովհետև գիտեն, որ պարտվելու են։ Իշխանությունն ուզում է, որքան կարող է՝ այս վիճակում պահել երկիրը, իրենց ընդդիմադիրներին լցնել բանտերը, նոր հետո կա՛մ կազմակերպել ընտրություն, կա՛մ ոչ։ Իրենք կարող են ղալմաղալ անել ու երկիրը քաոսի վերածել։ Եթե իշխանությունն ուզում է արտահերթ ընտրություն անել, դա իր ձեռքում է, ամեն րոպե կարող է ցրել խորհրդարանը։ Ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը, գնանք արտահերթ ընտրությունների, ցանկացած հուշագիր կստորագրեմ՝ խորհրդարանը կցրի՞»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։