«Մեր երկիրը մի նոր մարտի 1-ի ռեսուրս չունի՝ սպառել ենք արկածախնդրության գնալու բոլոր ռեսուրսները». Թագուհի Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված ցանկացած քայլ իր համար ընդունելի է, եթե այն լինում է կոնսենսուսային։
«Այս լարված իրավիճակը մեզ լավ տեղ չի տանելու, և մեր երկիրը մի նոր մարտի 1-ի ռեսուրս չունի, մենք սպառել ենք արկածախնդրության գնալու բոլոր ռեսուրսները։ Այսօր մենք խնդիր ունենք մեր բանակի մեջքն ուղղելու, երկիրը կայունացման տանելու, որպեսզի կարողանանք դիմակայել նոր մարտահրավերների։ Ի վերջո, տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, նրա ռազմական հռետորաբանությունը չի փոխվել, իր ատելությունը ՀՀ քաղաքացիների հանդեպ չի փոխվել։ Սակայն մենք որևէ ռիսկ հաշվի չենք առնում, նրա դեմ որևէ բան չենք անում, այլ զբաղված ենք ներքաղաքկան խնդիրներով։ Մինչ մենք այստեղ քննարկում ենք, թե ով է իշխանությունը, ով որքան ֆեյք ունի, և այլն, Ադրբեջանն արդեն Սոթքի ոսկու հանքի համար ձեռք է բերել գործընկեր՝ ի դեմս բրիտանական մի ընկերության, և պատրաստվում է այն շահագործել։ Պատրաստվում է շահագործել նաև Զանգելանի ոսկու հանքը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորի համար անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպումը, թե բանակը ռազմական հեղաշրջման փորձ է արել, հետևաբար՝ հարց է առաջանում՝ այդ փորձն ինչպե՞ս է դրսևորվել։
«ԳՇ հայտարարության բովանդակությունը ռազմական գործչի հայտարարություն է, որտեղ հստակ նշված է, որ թույլ չեն տալու, որպեսզի ժողովրդի դեմ ուժեր հանեն, ես նույնիսկ չունեմ այդ հարցի պատասխանը։ Մենք չգիտենք, թե ԳՇ-ն ինչից ելնելով է այդ հայտարարությունն արել։ Մենք չմոռանանք, որ նոյեմբերի վերջին նույն Օնիկ Գասպարյանը գրել էր հրաժարականի դիմում, նրա հետ նաև շատ գեներալներ, այդ մասին մամուլում հրապարակումներ եղել է, և ՊՆ-ի կողմից որևէ անգամ չի հերքվել։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Կառավարությունից Օնիկ Գասպարյանին հորդորել են մնալ և շարունակել պաշտոնավարել։ Այսինքն՝ հանկարծ ի՞նչ եղավ, նոյեմբերին մարդը հրաժարական է տալիս, չեն ընդունում, բայց հիմա նրա հրաժարականն են պահանջում։ Ստացվում է, որ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք մեզ համար հասանելի չեն»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։
Անկախ պատգամավորի համար նաև անհասկանալի է, թե ինչ է կատարվել, որովհետև մի քանի ամիս առաջ Օնիկ Գասպարյանն իշխանությունների համար մերժելի չէր, իսկ մի քանի ամիս անց դարձել է մերժելի՞։
Նրա համար անհասկանալի է նաև, թե բանակի նկատմամբ նման անտարբեր վերաբերմունք ցուցաբերելով՝ ինչի՞ կարող են հասնել։