Այսինքն, եթե վաղը թուրքը խնդիր ստեղծի Սյունիքի շուրջ՝ դուք պետք է ասեք, թե իմ զավակը չպետք է գնա Սյունիքը պաշտպանելո՞ւ կամ Տավուշը, այս ի՞նչ մտածելակերպ է․ Աննա Մայիլյան

«Մենք արդեն անասելի անդունդում ենք գտնվում և փոխանակ նոր ծրագրեր ունենանք, ուղղենք մեր մեջքը, ստեղծեինք պրոֆեսիոնալ մարդկանցից բաղկացած մի խումբ, որը մեր հայրենիքը կտանի որոշակի փրկության, մեզ դուրս կբերի անդունդից, թաղային ինչ-որ կռիվների մեջ ենք գտնվում։ Տղերքի կռիվ է գնում, և սա իսկապես զզվելի է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց երգչուհի Աննա Մայիլյանը։

Երգչուհին նշեց՝ չի հասկանում, թե ինչու են հրաժարվում զավակներին ծառայելու ուղարկել Արցախ։

«Արցախը մեր հայրենիքի մի մասն է։ Եթե այդպես չմտածենք՝ վաղը Սյունիքը, Լոռին ենք կորցնելու։ Այսինքն, եթե վաղը թուրքը խնդիր ստեղծի Սյունիքի շուրջ՝ դուք պետք է ասեք, թե իմ զավակը չպետք է գնա Սյունիքը պաշտպանելո՞ւ կամ Տավուշը։ Այս ի՞նչ մտածելակերպ է։ Դուք ո՞ւմ կաշին եք ուզում փրկել։ Չեք փրկվելու։ Հայ ազգը չի փրկվելու, եթե ինքն իրեն բռի մեջ չվերցնի ու ասի՝ սա իմ հայրենիքն է, ու վերջ»,- հավելեց Աննա Մայիլյանը՝ կարևորելով ազգային գաղափարների շուրջ միավորվելը։

Ապա նա ՀՀ ներքին կյանքի վերաբերյալ հայտարարություններ անող թուրքերին կոչ արեց նստել իրենց տեղում։

«Մենք կարող ենք հարևանություն և մի փոքր ջերմ հարաբերություն ունենալ թուրքերի հետ, երբ նրանք ընդունեն կատարած ոճրագործությունը, կվերադարձնեն մեր հայրենիքը և ներողություն կխնդրեն։ Դրանից հետո կմտածենք՝ կշփվե՞նք իրենց հետ, թե՞ ոչ։ Ուրիշ ճանապարհ ես չեմ պատկերացնում»,- հավելեց Աննա Մայիլյանը։

Տեսանյութեր

Լրահոս