«Օնիկ Գասպարյանը կա՛մ պաշտոնից ազատվելու դիմում պետք է գրի, կա՛մ ՀՀ նախագահը պետք է ստորագրի նրա ազատման դիմումը». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին, այն է՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, Տիրան Խաչատրյանին վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, դրա փոխարեն՝ ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։

«Սա տրամաբանական առաջարկ չէ մեկ շատ պարզ պատճառով։ Փաստացի այդ առաջարկով Էդմոն Մարուքյանը, ես ճի՞շտ եմ հասկանում, որ ԳՇ պետը կամ տեղակալը պետք է դառնան քաղաքական գործոն և իրենց նշանակումը կամ ազատումը պետք է դառնան քաղաքական պայմանավորվածության մաս։ Այդպես չի կարող լինել և դա, բնականաբար, չի կարող նախապայման լինել, կարծում եմ՝ ավելի տրամաբանական կլիներ, որ Էդմոն Մարուքյանը հայտարարեր, որ իրենք առանց որևէ նախապայմանի պատրաստ են ստորագրել հուշագիր՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Ես ոչ թե խնդիր եմ տեսնում, այլ պարզապես դա անընդունելի է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Ռուբինյանը։

Իմքայլական պատգամավորն էլ իր հերթին՝ փոխանցեց իշխանության դիրքորոշումը հարցի լուծման վերաբերյալ. «Օնիկ Գասպարյանը կա՛մ պաշտոնից ազատվելու դիմում պետք է գրի, կա՛մ ՀՀ նախագահը պետք է ստորագրի նրա ազատման դիմումը, որից հետո կսկսեն կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ»։

Միաժամանակ Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ կեղծ է այն մտայնությունը, թե իբր առանց ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, հնարավոր է որևէ քայլով ապահովել կայունություն։

«Համաձայնեք, ցանկացած սցենարի դեպքում, այն պայմաններում, երբ ԳՇ պետն իրեն դրել է քաղաքական գծից ներս, դա չի կարող քաղաքական կայունություն ապահովել»,- հավելեց Ռուբեն Ռուբինյանը։

Նա վստահեցրեց, որ մինչև օրս իշխանությունը չի արել այնպիսի քայլ, որն ուղղված է  կայունության պահպանման դեմ։

«ԳՇ պետն արել է քաղաքական հայտարարություն, որով անհամատեղելի է  դարձրել իր զբաղեցրած պաշտոնն ու այդ հայտարարությունը, ԳՇ պետը չի կարող դառնալ քաղաքական գործոն»,- շեշտեց պատգամավոր Ռուբինյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս