«Այդ հեռախոսազանգերն ավելի շուտ սարքած են». Հայկ Սարգսյանը՝ շրջաններից մարդիկ հավաքագրելու Երևան բերելու զանգերի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վստահաբար ասում է, որ իշխանությունը որևէ վարչական լծակ չի օգտագործում Հայաստանի շրջաններից մարդկանց բերելու Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքին։

Նա հերքեց դրանց հետ կապված այն հեռախոսազրույցները, որոնց ձայնագրությունները լայնորեն տարածվում են  համացանցում։

«Մենք հայտարարել ենք, որ հավաքվելու ենք, մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու միջոցառում ենք կազմակերպելու Հանրապետության հրապարակում, որին հետևելու է երթ։ Մարդիկ մասնակցելու ցանկություն են հայտնել, տարբեր մարզերից ինքնակազմակերպվում ու գալիս են Երևան։ Մարզպետներին ու գյուղապետերին հրահանգ չի տրվել։ Ճիշտ ասած, ես բազմաթիվ հեռախոսազանգեր եմ տեսել, որոնք ավելի շուտ սարքած են, որևէ վստահություն չկա, որ դրանք իրական են»,- խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Հակ Սարգսյանը։

Հարցին՝ այսինքն՝ մարդիկ զանգել ու իրենք իրենց ձայնագրե՞լ են, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Այո»։

 

Տեսանյութեր

Լրահոս