«Որպես ԳՇ ղեկավար՝ ինքը ճիշտ է արել, բա ո՞վ արձագանքեր` սադի Գոքո՞րը»․Գևորգ Պետրոսյան

«Ողջունելով բանակի քայլը, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ սա ուշացած էր, պետք է նոյեմբերի 9-ից հետո լիներ այս քայլը։ Բայց ես շնորհակալ եմ բանակից։ Եթե այն իշխանության հետ չէ, իշխանությունն այնտեղ անելիք չունի։ Բանակը ճաշարան չէ, ինչ-որ մի գործարան չէ, բանակը բանակ է, ու բանակին բութ գործիքի տեղ ընդունել՝ ասել, որ դու իրավունք չունես քաղաքական կարծիք հայտնել և այլն, դա այդպես չէ»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ պարզ իրավաբանական վերլուծություն է  անում, այն է՝ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը խոսում է նաև այն ամսին, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։

«Հիմա այդ ինքնիշխանությունն ապահովող կառույցները պետք է իրավունք ունենան մասնակցել այդ ինքնիշխանության կայացմանը։ Բանակը բութ գործիք չէ, որ ասես՝ գնա այստեղ այն արա, այնտեղ՝ այն։ Եթե բանակն առաջինն է զգացել Նիկոլ Փաշինյանի դավաճանությունը, բարոյական պարտականություն ուներ՝ հենց սկզբում արտահայտվել։ Որպես իրավաբան եմ ասում՝ այստեղ ռազմական հեղաշրջման փորձ գոյություն չունի, կա միայն եղած իրավիճակին համարժեք արձագանքելու ցանկություն և այդ ցանկության դրսևորում՝ Օնիկ Գասպարյանի կողմից։ Բանակը, ի դեմս ԳՇ պետի, իր հայտարարությամբ բացարձակ չի խախտել որևէ օրենքի որևէ դրույթ։ Որպես ԳՇ ղեկավար՝ ինքը ճիշտ է արել, բա ո՞վ արձագանքեր՝ սադի Գոքո՞րը։ Այո, ինքը վարվել է հայրենասիրաբար, և որևէ հիմք չկա իրեն պաշտոնից ազատելու համար»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորը չի հասկանում՝ իշխանությունն ինչու է այսօր հանրահավաք կազմակերպել։

«Իր լայվի ժամանակ ասում է՝ պահպանենք սահմանադրական կարգը։ Արա, դու սահմանադրական կարգի տապալման դասական վարպետ ես, դո՞ւ ես սահմանադրական կարգի պահպանման մասին խոսում։ Սահմանադրական կարգի տապալումը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է բարի լույսի նման բան»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս