«Գլխավոր շտաբն ասել է, որ այդ  մարդը դասալիք է և երկիրը քանդում է. որքան նրա իշխանությունը ձգվի, այնքան ցավալի է լինելու». Չարեքթարցի Աշոտ

Ազատամարտիկ, Արցախի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սևյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է՝ հերթական մանիպուլյացիան է։

«Նորից ու նորից կասեմ՝ դա ռազմական հեղաշրջման փորձ չէր, Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց իր մանիպուլյացիայով հասարակության ուշադրությունը շեղել։ Գլխավոր շտաբն իր հայտարարությամբ ի՞նչ է ասել, ասել է՝ մարդը դասալիք է և երկիրը քանդում է։ Նա նորից  փորձում է իր իշխանության օրերը ձգել, իր սև գործն անի, որքան նրա իշխանությունը ձգվի, այնքան ցավալի է լինելու։ Ես ԳՇ-ի կողմից որևէ հեղաշրջման փորձ չեմ տեսնում, եթե նման բան լիներ, ապա քաղաքում զորք կլիներ, մենք զորք չենք տեսնում, ժողովուրդն է փողոցում»,- 168.amի հետ զրույցում ասաց Աշոտ Սևյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրավիրած հանրահավաքին, Աշոտ Սևյանը նշեց, որ ժողովրդին նորից փողոց հանելով՝ Փաշինյանն ուզում է նորից մարտի 1 անի։

«Ինձ թվում է՝ նա մարդկանց փողոց հանելով՝ նորից ուզում է  մարտի 1 անել։ Ով այդ մարդու կողքին կանգնում է՝  ինձ համար թուրքից չի տարբերվում, ցավում եմ։ Համացանցում տեսնում եմ, որ Արցախից ինչ-որ մարդիկ են գալիս նրան աջակցելու՝ 20 հազար դրամով, չգիտեմ, որքանով է ճիշտ, չգիտեմ,  բայց որպես արցախցի՝ ցավում եմ այդ մարդկանց համար, որ նրանք կարող են իրենց տունը վաճառողի կողքին կանգնել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը, բացի ցույց անելուց, ի վիճակի չէ որևէ խնդիր լուծել։

«Այդ անձնավորությունը միայն կարողանում է  ցույց անել, այլ հարց ի վիճակի չէ լուծել, ադեկվատ չէ։ Նա առհասարակ որքան նստի ու Հայաստանի անունից խոսի, այնքան ավելի վատ։ Ես չեմ կարող մտածել կամ ուղեղիս ինչ-որ անկյունում տեղավորել, որ ՀՀ-ի անունից նա ի վիճակի է խոսելու»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ի պատասխան՝ վերջինս ասել էր, որ սա ռազմական հեղաշրջման փորձ է, որի համար էլ Հանրապետության հրապարակ հրավիրեց իրեն սատարողներին և մի քանի ժամ շարունակ քայլեց Երևանի փողոցներով և ժպիտներ ու ողջույններ ուղարկեց շենքերի պատուհաններից իրեն հետևող բնակիչներին։ Իսկ այն մարդիկ, որոնք փողոցում նրան անվանեցին հողատու, նա խոստացավ, որ նրանց հետևից գնալու են։

 

 

Տեսանյութեր

Լրահոս